Մատչելիության հղումներ

Թուրք նախարարի խոսքով՝ առաջիկա ամիսներին կմեկնարկեն «Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները»


Գորիս-Կապան ավտոճանապարհը, 28-ը օգոստոսի, 2021թ․
Գորիս-Կապան ավտոճանապարհը, 28-ը օգոստոսի, 2021թ․

«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին», - այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Զանգեզուրի միջանցքի հետ կապված մենք որոշակի ճանապարհ ենք անցել, և ես հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը կյանքի կկոչեն այս ծրագիրը», - APA գործակալության փոխանցմամբ, նշել է թուրք նախարարը։

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության»։

«Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին», - նշում էր Բայրամովը՝ շարունակելով՝ Բաքուն այս ծրագրի իրագործումը կշարունակի ամեն դեպքում՝ նաև առանց Հայաստանի, «այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG