Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը համաձայնել է ընդունել Աղդամով տեղափոխվող ՌԴ օգնությունը


Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ստեփանակերտը նշում է, որ այս քայլին դիմում են՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։

Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց ու հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում այսօր հայտարարվեց, թե Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։

Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարել է, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ։

Երեկ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել էր, որ իր երկիրը թույլ կտա Հայաստանից սննդամթերք ուղարկել Ղարաբաղի բնակչությանը, եթե Բաքվին թույլ տրվի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության մեքենաների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Երեկ նաև Միացյալ նահանգներ էր կոչ արել կողմերին՝ «աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները»։

Ավելի վաղ արցախցիները թույլ չէին տվել, որ Աղդամ հասած ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։ Բեռը դեռ կանգնած է Աղդամում։

XS
SM
MD
LG