Եվրամիությունը սկսել է գործածության մեջ դնել ինտերնետ դարաշրջանին վերաբերող օրենսդրական լայնածավալ փաթեթը, որին առաջիկայում պետք է համապատասխանի ամբողջ թվային եվրոպական իրականությունը՝ առցանց առևտրից մինչև սոցիալական ցանցերում գրառումներ, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։ Գործընթացի նպատակն է սահմանափակել ամերիկյան և չինական բարձր տեխնոլոգիական հսկաների անվերահսկելի գործունեությունն ու Եվրամիությանը տալ ժողովրդավարական լծակներ՝ այնպիսի հսկայական ընկերությունների իշխանությունը սահմանափակելու համար, ինչպիսիք են Google-ը, Meta-ն, Apple-ը կամ Amazon-ը:
«Համացանցի սահմանադրություն». ահա այսպես են անվանում Եվրամիության փորձը` կարգավորելու մինչ այս գործնականում չկարգավորվող կամ ինքնակարգավորվող ոլորտը: Արդյոք օրենսդրական կարգավորումները կկարողանան գոյատևել հսկայական կարողություններ ունեցող ընկերությունների դեմ պայքարում, որ պատրաստ են «ատամներով պաշտպանել» նախկինի պես աշխատելու իրենց հնարավորությունը, դժվար է ասել, ամեն դեպքում, աշխարհը հետևում է՝ ինչ արդյունքներ է ունենալու այս նախաձեռնությունը։
Դեռ անցած տարի Եվրոպական հանձնաժողովն ու Միության երկրները համաձայնագիր ստորագրեցին նման կարգավորումներ մշակելու համար, այդ ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը համաձայնությունը պատմական համարեց, շեշտելով՝ ինչն ապօրինի է օֆլայնում, պետք է ապօրինի լինի նաև օնլայն տիրույթում Եվրամիությունում, և նոր կանոնները կպաշտպանեն օնլայն օգտատերերին, կերաշխավորեն արտահայտվելու ազատությունն ու բիզնեսի հնարավորությունները։
Դրանից հետո սկսվեց օրենսդրական կարգավորումների մշակման գործընթացը, սահմանափակումներն ու իրավունքները նկարագրվեցին, իսկ անցած շաբաթ Եվրոպական հանձնաժողովն արդեն անվանապես նշեց այն ընկերություններին, որ պարտավոր են հետևել նոր կանոններին, այլապես կա՛մ ստիպված կլինեն հսկայական տուգանքներ մուծել`ողջ շրջանառության 10 տոկոսի չափով, կա՛մ Եվրամիությունում ծառայություն ընդհանրապես չմատուցել։ Դրանք են՝ Alphabet, Amazon, Apple, ByteDance, Meta, Microsoft ընկերերությունները, որ ներառում են նաև հիմնական սոցիալական ցանցերը։
Ընկերությունները վեց ամիս ունեն, որպեսզի իրենց գործունեությունը համապատասխանեցնեն նոր կանոններին։
Մինչ այս ինտերնետ հարթակներն իրենք էին սահմանում խաղի կանոնները, իրենք հետևում էին դրանց կիրառմանը, իրենք էին որոշում՝ ով է կանոնները խախտել, իսկ ով՝ ոչ, վեճերի դեպքում իրենք էին իրենց որոշումները վերաքննող մարմինը։
Նոր կանոնները, սակայն, Եվրամիության երկրների ժողովրդավար կերպով ընտրված իշխանություններին իրավունք կտան մասնակցել այդ գործընթացներին։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարետ Վեստագերի խոսքով՝ մասնավոր հսկա ընկերությունների ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացել, նրանք են որոշում՝ ինտերնետ հարթակում ինչ բովանդակություն է հայտնվում և որքան արագ պետք է հեռացվի վնասակար բովանդակությունը, կարող են քաղաքական քննարկումների ուղղություն ձևավորել, և որոշել՝ խաթարե՞լ, թե՞ աջակցել երկրներում ժողովրդավարությանը;
Այս փոփոխությունների արդյունքում սոցցանցերի հետ վեճերի դեպքում կլինի կողմնակի դատավոր։
Վեստագերը, այդուհանդերձ, նաև հայտարարել է, որ այստեղ պետք է ճիշտ բալանսը գտնել օրենքի խախտման և ազատ արտահայտման իրավունքի իրացման միջև, այլապես կա վտանգ, որ ավտորիտար ռեժիմներն ամբողջ աշխարհում կսկսեն գրաքննությունն արդարացնել և հայտարարել, որ Եվրամիությունը ևս գրաքննություն է մտցրել։
Օրենսդրությունը վերջնականապես կսկսի գործել 2024 թվականի օգոստոսին։