Մատչելիության հղումներ

Հայաստանում գործող լրտեսական ծրագրերով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին. զեկույց


Հայաստանում գործում են լրտեսական ծրագրեր, որոնցով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին, համենայն դեպս դա են վկայում սոցիալական խոշորագույն հարթակները` Ֆեյսբուքը, Ինստագրամը, Վոթսափը կառավարող Meta կազմակերպության և անկախ փոձագիտական խմբի` Citizenlab-ի այսօր հրապարակած զեկույցները:

Ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած NSO ընկերության Pegasus ծրագրից բացի, զեկույցը ևս 7 ընկերության անուն է նշել, որոնք լրտեսում են մարդկանց համացանցի օգնությամբ` պետությունների կամ մասնավոր հատվածի պատվերով: «Թեև կիբերտարածքի վարձկանները հաճախ պնդում են, թե իրենց ծառայությունները թիրախավորում են միայն հանցագործներին ու ահաբեկիչներին, մեր ամիսներ տևած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում թիրախների շարքում են նաև լրագրողները, ավտորիտար ռեժիմների քննադատներն ու իրավապաշտպանները», - ընդգծում է Meta-ի զեկույցը:

«Նմանատիպ հաձակումների թիրախում պատահական մարդիկ չեն հայտնվում, այսինքն` երբ գործ ունենք նման բարդ հարձակումների հետ, սովորաբար դա նշանակում է, որ հարձակվողը զգալի ռեսուրսներ է ներդրել, և ամեն քաղաքացու սա չի վերաբերում, սա վերաբերում է հասարակության համար շատ կարևոր մարդկանց` լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների», - ասում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Meta-ի հետազոտությունը, մասնավորապես, Հայաստանում լրտեսական Cytrox ծրագրի օգտագործման վկայություններ է գտել, ընդգծելով, որ դրա թիրախում են եղել քաղաքական գործիչներ ու լրագրողներ: Այլ մանրամասներ զեկույցը չի հայտնում, նշվում է միայն, որ «Կիբերվարձկանները» իրենց զոհերի վստահությունը գրավում են Ֆեյսբուքում և Ինստագրամում կեղծ հաշիվների միջոցով, հետո արդեն սողոսկում բջջային հեռախոս կամ համակարգիչ և ներդնում լրտեսական ծրագիրը:

Ըստ մեդիափորձագետ Արթուր Պապյանի` ծրագրի տերերը կարող են գաղտնալսել զանգերը, իմանալ օգտատիրոջ գտնվելու վայրը, գաղտնի ակտիվացնել նրա միկրոֆոններն ու տեսախցիկները, հետևել` ինչ է կարդում կամ դիտում համացանցում. «Քանի որ մի քանի տարբեր ծրագրային լուծումների մասին է խոսում, այստեղ մասնավորեցնելը բավականին բարդ է, այսինքն՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օգտագործվել են տարբեր ծրագրային ապահովումներ, տարբեր միջոցներ թիրախավորման, ինչ-որ դեպքում գուցե թեգավորել են օգտատերերին, ասեն՝ նայի, ինչ-որ հրատապ բան է, եկեք, ձեր գաղտնաբառը տվեք, իսկ հետո դրա միջոցով մուտք են ունեցել օգտահաշվին, տեղադրել ինչ-որ դեպքերում լուծում: Ինչ-որ դեպքերում Վոթսափ հարթակն է օգտագործվել, Վոթսափով ուղարկվել ինչ-որ հաղորդագրություն, որի միջոցով վարակվել են այն սարքերը, որոնցից օգտատերն օգտվում է: Նաև կախված, թե վարակված սարքն ինչ է` համակարգի՞չ, ինտերնետային զննարկի՞չ կամ տարբեր հեռախոսներ, տարբեր են եղել այդ ծրագրերի կարողությունները»:

Meta ընկերությունն ավելի քան 100 երկրից մոտ 50 հազար մարդու զգուշացրել է, որ հայտնվել են լրտեսական այս հարձակումների թիրախում` կոչ անելով ամրապնդել իրենց հաշիվների անվտանգությունը: Հայաստանցի օգտատերերից որևէ մեկն առայժմ հրապարակավ չի հայտնել Meta-ից զգուշացում ստանալու մասին:

Անցած ամիս նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հայտարարեցին, թե զգուշացում են ստացել Apple ընկերությունից, թե հայտնվել են մեկ այլ` Pegasus լրտեսական ծրագրի թիրախում։ Նրանց շարքում էր նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով հրապարակել էր Apple-ից ստացած նամակը:

Տեղեկատվական ոլորտի հայաստանցի փորձագետները պնդել էին, որ Pegasus֊ի թիրախում են եղել Հայաստանի մոտ քսան քաղաքացիներ` չբացառելով, որ հարձակումը կարող էր և Ադրբեջանի իշխանությունների պատվերով լինել: Փորձագետները դեռ այն ժամանակ էին հրավիրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ու իրավապահների ուշադրությունը, մինչ օրս, սակայն, այդ կառույցներից որևէ մեկն այս հարցին հրապարակավ չի անդրադարձել, որևէ պարզաբանում չի տվել:

ԱԱԾ-ից այսօր «Ազատության» հեռախոսազանգերին չպատասխանեցին, չհաջողվեց պարզել՝ արդյոք քննություն տարվում է` հայտնաբերելու, թե ովքեր են թիրախավորում Հայաստանի քաղաքացիներին և ինչ նպատակներ են հետապնդում։

XS
SM
MD
LG