Մատչելիության հղումներ

ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվում է ՀՀ-ին․ հաշտության համաձայնություն է կնքվել. դատախազություն


Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով՝ հաշտության համաձայնություն է կնքել:

Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո՝ Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը, ասված է հաղորդագրությունում։

ԱՕԿՍ-ի շենքի գործով անցնում են մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյան, նրա հարսը ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։

Ըստ քրգործի՝ Հասմիկ Պողոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, իսկ Արմեն Սմբատյանը նրան օժանդակել է։ Արդյունքում նրանք կարողացել են ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը դարձնել հասարակական կազմակերպության սեփականություն: Ապա, ըստ իրավապահների, շենքը և դրա զբաղեցրած հողամասը ձևական գործարքի արդյունքում՝ 550 հազար ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը՝ «օրինականացնելով գույքը և թաքցնելով դրա ծագման աղբյուրը»։ Արմեն Սմբատյանը այս տարվա հուլիսի վերջին կալանավորվեց՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, իսկ 2006-2018 թվականների ընթացքում մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

XS
SM
MD
LG