Բաքուն այսօր արդեն երրորդ անգամ հաղորդում է, թե ամրաշինական աշխատանքներ է կանխել այս անգամ Ասկերանի և Մարտունու շրջաններում: Ստեփանակերտը հերքում է Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ ընդգծելով՝ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր, ժամը 12:35-ից ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:
Արցախի ՊԲ-ն Բաքվի հաղորդումը որակելով հերթական ապատեղեկատվություն՝ նշել է. - «Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահող հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ»։
Այսօր ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, թե ժամը 07:50 -ի սահմաններում ՊԲ-ն փորձել է Քարվաճառի, ժամը 10:05 -ի սահմաններում էլ Ասկերանի շրջաններու իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։
Ստեփանակերտը Բաքվի այս հաղորդումները ևս ապատեղեկատվություն էր որակել։