Հայաստանի կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Կառավարության լրատվականից՝ մանրամասներ չփոխանցելով:
Մասնավորապես՝ պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթուղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:
Ազգային ժողովի նախագահի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ նախագիծը ստացել են։ Այն, սակայն, դեռ չի հրապարակվել, ըստ խոսնակի՝ կհրապարակվի մինչև օրվա ավարտը։ Նախագիծը խորհրդարանում կքննարկվի սովորական ընթացակարգով, սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հռոմի ստատուտը կքննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, դրանից հետո՝ խորհրդարանի լիագումար նիստում։
Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:
Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։
Արշակյանը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ կայացված որոշումը: