Մատչելիության հղումներ

Ուկրաինական զորքերի հարձակումը բավական հաջող է ընթանում. Ստոլտենբերգ


Ուկրաինական զորքերի հարձակումը բավական հաջող է ընթանում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գնահատականն է: Ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարը այդ մասին հայտարարել, ապա կոչ է արել Կիևի արևմտյան գործընկերներին շարունակել վստահել և աջակցել Ուկրաինային:

«Ուկրաինացիներն աստիճանաբար առաջ են գնում՝ ետ մղելով ռուսներին, ճանապարհ բացելով ուժեղ ամրացված տարածքներով, այդ թվում՝ ականապատ դաշտերով, և այժմ ավելի քան կարևոր է նրանց աջակցելը», - CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ստոլտենբերգը։

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Կիևին արևմտյան ռազմական աջակցությունը համակարգող ՆԱՏՕ-ի ղեկավարը, այդուհանդերձ, խոստովանել է՝ Ուկրաինայի հարձակողական մարտավարության գնահատականների հետ կապված դաշնակիցների միջև տարաձայնությունները պահպանվում են:

Հունիսին մեկնարկած ուկրաինական հակահարձակողական գործողությունների արդյունքում Կիևի պաշտոնական տվյալներով՝ ընդամենը մի քան տասնյակ կիլոմետր տարածք է ազատագրվել ռուսական օկուպացիայից: Այդ բնակավայրերը Ուկրաինայի իշխանությունների գնահատմամբ՝ ռազմավարական նշանակություն ունեն, հետևաբար տեղին չեն համարում ուկրաինական զինուժի համեստ հաջողությունները թերագնահատելը։

«Հակահարձակման դանդաղ տեմպերը քննադատելը հավասար է ուկրաինացի զինվորի երեսին թքելուն, ով ամեն օր զոհում է իր կյանքը, առաջ շարժվելով և մեկը մյուսի հետևից ուկրաինական հողերն ազատագրելով», - Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան է հայտարարել Իսպանիայի Տոլեդոյում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

Անցած շաբաթ New York Times-ն էր մեջբերել ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաների, որոնք պնդում էին, թե ուկրաինական բանակի հարձակումը սահմանափակ առաջընթաց է գրանցել, քանի որ Ուկրաինան զորքերը սխալ վայրերում է տեղաբաշխել։ Ուկրաինայի արտգործնախարարը քննադատներին խորհուրդ է տալիս «լռել, գնալ ռազմադաշտ և փորձել ինքնուրույն ազատել մեկ քառակուսի սանտիմետր»։

Ծանր մարտերը Ուկրաինայում շարունակվում են

Մինչ այդ ծանր մարտերը Ուկրաինայում շարունակվում են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ամփոփելով անցած 24 ժամերին ռազմի դաշտում տիրող իրավիճակը, հայտնել է ռուսական և ուկրաինական ուժերի միջև ավելի քան չորս տասնյակ բախումների մասին, կորուստները կողմերը շարունակում են թաքցնել։

Ըստ Կիևի՝ Լիմանսկի և Բախմուտի ուղղություններում ռուսական բանակը անդադար հարձակողական անհաջող փորձեր է ձեռնարկում, թեժ մարտեր են նաև Դոնեցկի մարզի Մարինկայի շրջանում, Զապորոժիեի շրջանում ռուսական ուժերը հակագրոհները շարունակում են Վերբովե գյուղի մոտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է Դոնեցկի մարզի Պրիյուտնոյե գյուղի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի գրոհը հետ մղելու մասին։

Ռազմաճակատում շարունակվող ծանր մարտերին զուգահեռ ուկրաինական բնակավայրերը կրկին ռուսական ուժերի հարձակումների թիրախում են։ միայն անցած գիշերվա ընթացքում Ուկրաինան ռուսական ուժերի կողմից 150 անգամ գնդակոծության է ենթարկվել՝ օդուժի կողմից, հրթիռային կայանքներից։

Ռուսական կողմն էլ հաղորդում է դրոնների հերթական զանգվածային գրոհի մասին՝ շտապելով պնդել, որ դրանց մեծ մասը հաջողվել է վնասազերծել։ Այդուհանդերձ, Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է կրկին հետաձգվել անօդաչուների վտանգի պատճառով։ BBC-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Ռուսաստանում և բռնակցված Ղրիմում արդեն ավելի քան 190 անօդաչու սարքերի հարձակում է գրանցվել։

Ամենալայնածավալ գրոհը նախօրեին էր, միանգամից թիրախավորվել է ռուսաստանյան վեց շրջան, այդ թվում՝ Սևաստոպոլը։ Ուժգին հարված էր հասցվել Ուկրաինայի սահմանից ուղիղ գծով 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պսկովի օդանավակայանին, ինչի հետևանքով հրդեհվել է ռազմատրանսպորտային «Իլ-76» օդանավ, ևս չորս օդանավ էլ վնասվել է։

Կիևն այսօր անուղղակիորեն ստանձնել է այս հարվածի պատասխանատվությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության մասին զեկույցում մասնավորապես ասվում է․ «Հաջողությամբ կիրառվել է մեր հեռահար զենքը՝ 700 կիլոմետր հեռավորության թիրախը խոցված է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG