Արցախցիները արդեն 2-րդ օրն է՝ 24-ժամյա հսկողություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ թույլ չտալով ադրբեջանական ալյուրի տեղափոխումը Ստեփանակերտ։
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն «Ազատությանն» ասաց, որ մի քանի տասնյակ բնակիչները վրաններ են խփել և հերթապահություն են իրականացնում։ «Մարդիկ մնալու են այնքան, մինչև որ ադրբեջանական բեռնատարները հեռանան», - նշեց Համլետ Ապրեսյանը։
«Մենք մեր թշնամուց ոչինչ չենք ուզում, չենք կարող հաց ուզել, հաց մուրալ: Մեր ամբողջ պայքարը եղել է դրա համար, որ մենք ունենանք մեր պետությունը, մեր անկախությունը, մենք էդքան տղաներ ենք զոհել, հիմա գնանք թշնամու առաջ ու հաց ուզե՞նք իրենից», - նշեց Ապրեսյանը:
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը տեղյակ չէր՝ արդյոք ռուս խաղաղապահների հետ ադրբեջանական կողմը շարունակում է բանակցությունները բեռները տեղափոխելու հարցով։ Ամեն դեպքում Ապրեսյանը քիչ հավանական համարեց, որ խաղաղապահները արցախցիների կամքին դեմ գնալով ադրբեջանական ալյուրը Ստեփանակերտ տանեն։
«Դա արդեն կլինի ուժային գործոն, եթե չկա պայմանավորվածություն, ապա դա պետք է լինի ուժի միջոցով, իսկ ուժը կարծում եմ՝ ինչ-որ տեղ նաև անհավանական է», - ասաց նա:
Անդրադառնալով Աղդամի հատված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ բերելու Ադրբեջանի քայլին, Ապրեսյանն ասաց. - «Տեսնում ենք ու հետևում ենք իրենց, մենք էլ ենք պատրաստ դիմագրավելու իրենց»:
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ստեփանակերտից պաշտոնյաներ են եկել և խոսել Աղդամի ճանապարհի մասին։ Թե կոնկրետ ովքե՞ր, Ապրեսյանն անուններ չտվեց, միայն ասաց, որ նրանք ոչ թե համոզել են թույլ տալ, որ ադրբեջանական բեռները մտնեն Ստեփանակերտ, այլ պարզապես հետաքրքրվել են, թե ո՞ր դեպքում նրանք կհամաձայնեն բացել Աղդամի ճանապարհը։ Ի դեպ, երեկ Ասկերանում բողոքի ակցիա անող քաղաքացիներին էր հանդիպել Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Ոչ մի պարտադրանք չի եղել, ուղղակի եկել են, որպեսզի ժողովրդի կարծիքն իմանան՝ ինչ դեպքում կարելի է համաձայնել, ինչ դեպքում՝ չէ, մեր բնակիչներն ասացին, որ ոչ մի պայմանով: Միակ պայմանն էն է, որ [Լաչինի] ճանապարհը գործի անխափան, եթե կան տրամաբանական երաշխիքներ: Իրանք էլ են էդ կարծիքին եղել, ուղղակի ուզում էին ևս մեկ անգամ համոզվել, որ երևի ճիշտ ճանապարհի վրա ենք», - ընդգծեց Ապրեսյանը:
Ռուս խաղաղապահների հետ ժողովրդի հարաբերությունները լարվել են, անվստահություն կա. Մարութ Վանյան
Արցախցի անկախ լրագրող Մարութ Վանյանն այսօր Ստեփանակերտից մեծ դժվարությամբ հասել է Ասկերան, տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։
«Էս պահին մեքենաներով փակած է Աղդամից եկող ճանապարհը, որը Ասկերանի վերջին կետն է: մարդիկ եկել են ստեղ, դրոշներն են դրված, ստեղ մնում են գիշեր-ցերեկ, որ թույլ չտան, որ Աղդամի ուղղությամբ ադրբեջանական հումանիտար օգնությունը հասնի Ղարաբաղ: Մարդիկ դեմ են՝ «մեզ պետք չի ադրբեջանական ալյուրով հաց», - «Ազատությանը» փոխանցեց լրագրողը:
Մարութ Վանյանն ասում է, որ բավական լարված են հարաբերությունները Ասկերանի մոտ տեղակայված ռուս խաղաղապահների հետ։ Մարդկանց մոտ անվստահություն է ձևավորվել:
«Խաղաղապահների հետ չափազանց լարված է վիճակը էս վերջին երկու օրը: Անգամ վիդեո է հայտնվել սոցիալական մեդիայում, որ ռուս խաղաղապահները կասկածելի անձինք են փորձել իրենց մեքենաներով, սենց ասած, ներկրել Արցախ, ու տեղացիները նկատել են, կանգնեցրել են, իրանք էլ ծածկում են իրենց երեսները, պարզ էլ չի՝ ինքը ով է: Երեկ էլի ռուս խաղաղապահների բեռնատարներն են փորձել գնալ Աղդամ, գան, ինչ-որ մութ պատմություններ են եղել, տեղացիները թույլ չեն տվել, կասկածել են, որ իրանց հայտնի չի՝ ինչի համար է էս շարժը, ինչի համար բեռնատարը պետք է գնա ու գա, մարդիկ թույլ չեն տվել: Այիսնքն՝ ռուս խաղաղապահների հետ էլ է լարված վիճակը, մարդկանց մենք, բնականաբար, անվստահություն կա ու անկանխատեսելի հետևանքներ կարա ունենա», - պատմեց Վանյանը:
Ի դեպ, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն «Ազատությանն» ասաց, թե նախօրեին ռուս խաղաղապահների հետ ունեցած վիճաբանությունից հետո, երբ բնակիչները կասկածել են, որ ռուսները ադրբեջանցու են իրենց մեքենայով տեղափոխվում, խաղաղապահների ղեկավարությունը ի վերջո փաստաթղթեր է իրենց ցույց տվել։
«Ճիշտն ասած, մենք էդ թեմայով խոսել ենք իրանց ղեկավարության հետ և իրենք էլ մեզ հիմնավորել են ու փաստաթղթեր են ներկայացրել, որ դա եղել է իրենց զինծառայողը, համենայնդեպս, փաստաթղթով իրենց զինծառայողն էր», - ասաց Ապրեսյանը:
Բաքուն Աղդամի ճանապարհի մերժումը որակում է «ռասիզմ»՝ զգուշացնելով թույլ չեն տալու որ իրենց տարածքում «գորշ գոտի» գործի
Մինչ Ասկերանում շարունակում են փակ պահել ճանապարհը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր առավոտյան շուրջ հինգ տասնյակ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագետներին ուղեկցել է Աղդամ - Ստեփանակերտ ճանապարհի այն հատված, որտեղ օգոստոսի 29 -ից գտնվում են 40 տոննա ալյուրով բարձված ադրբեջանական 2 բեռնատարները։
Պաշտոնական Բաքվի թվարկված երկրների ցանկում չկան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Հիքմեթ Հաջիևն այսօր Աղդամ կատարած այցի ընթացքում «ռասզիմ» է որակել Աղդամի ճանապարհի օգտագործման մերժումը՝ զգուշացնելով՝ Բաքուն թույլ չի տա, որ իր տարածքում «գորշ գոտի» գործի։
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ցանկացած բեռ շատ կարճ ժամանակում կարող է տեղափոխվել համապատասխան շրջաններ։ Այդ ճանապարհի օգտագործման մերժումը մենք կարող ենք գնահատել որպես ռասիզմ և խտրականություն», - ասել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ «պոպուլիզմ» է որակել Արցախ հումանիտար բեռ ուղարկելու Հայաստանի քայլը՝ ընդգծելով, թե դա արվել է առանց Բաքվի հետ համաձայնեցնելու: Ավելի քան 1 ամիս Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանի կառավարության 400 տոննա հումանիտար բեռը ուղևորվի Արցախ։