Ռուսաստանի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչը փաստացի վերջնագրերով է խոսել, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանն՝ անդրադառնալով Մարիա Զախարովայի երեկվա հերթական հայտարարությանը, թե Լաչինի միջանցքում ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։
Երեք օր առաջ Լաչինի անցակետում ադրբեջանցիներն առևանգեցին Արցախից Հայաստան մեկնող հայ երիտասարդներին։ Միջադեպը տեղի էր ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, նրանք չէին միջամտել, չնայած տեղափոխումը համաձայնեցված էր։
Զախարովան արդարացրել է ռուս խաղաղապահներին, ասելով, թե «պատասխանատվությունը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վրա դնելը տեղին չէ, ճիշտ չէ ու ու անարդարացի է»։
Քաղաքագետ Քոչինայնն այլ ենթատեքստ է նաև տեսնում Զախարովայի այս խոսքերի տակ։
«Այն պնդումները, թե դրանով հայկական կողմն, օրինակ, գերեզմանաքար է դրել Արցախի ինքնորոշման գործընթացի վրա, իհարկե աբսուրդ է, փոխարենը այստեղ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը շատ սուր է ընկալում որևէ այլ մասնակցություն, որևէ այլ միջնորդությունը գործընթացի նկատմամբ, և այստեղ է պետք փնտրել առաջին խնդիրը։ Երկրորդ խնդիրը, որի մասին չխոսվեց, բայց ես այդպես եմ հասկանում առնվազն, երբ ասում են, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է կատարվեն, մենք նախկինում տեսել ենք, որ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարումը, կամ Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունների չկատարումը առանձնապես խնդիրների երբևիցե չի բախվել և, ըստ էության, միակ կետը, որի չկատարման մեջ հայկական կողմին ռուսական կողմը չկատարման մեջ ցանկության դեպքում կարող է մեղադրել, դա Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի առկայությունն է և այդ ճանապարհի վրա ռուսական կողմի վերահսկողությունը», - ասաց Քոչինյանը։
Ըստ քաղաքագետի՝ այն, ինչ հայկական կողմը հիմա ընկալում, հասկանում և առաջարկում է Ռուսաստանին այդ վերահսկողություն տերմինի տակ, օրինակ, մեկ ամիսը, երկու ամիսը մեկ գալ մի հատ նայել էդ ճանապարհին, գնալ, ռուսական կողմին չի գոհացնում, չի բավարարում, և իրենք համարում են դա պայմանավորվածության խախտում։
«Երբ որ Զախարովան ասում է, թե ինտերպրիտացումը փոխում է բովանդակությունը, այն նման արտահայտություն է անում, ես դրանք ուղիղ կապում եմ այդ չակերտավոր, այսպես կոչվող, միջանցք հասկացությանը Մեղրիով՝ Զանգեզուրով։ Եվ սա ինչ-որ չափով նաև նշանակում է, որ դուք այս ճգնաժամը ստացել եք՝ Լաչինը ստացել եք, և այդ ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք գնում զիջումների Մեղրիի հարցում։ Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել, որը պետք է հաշվարկել, որ երրորդ պետությունը, որը ոչ միայն պայմանագիրն էր պատրաստել և դրել ստորագրման, այլ նաև պարտավորություն ուներ ապահովելու Արցախի անվտանգությունը, պայմաններ ունի, թե որ պարագայում կարող է փորձել գոնե դա անել», - ասաց Քոչինյանը։
Նրա խոսքով՝ այն պահին, երբ որ Ռուսաստանին պետք լինի, որ պատասխանատվությունը լինի ռուս խաղաղապահների մոտ, պատասխանատվությունը կլինի ռուս խաղաղապահների մոտ։
Մոսկվայից հնչած այս հայտարարությունները, սեփական պատասխանատվության իսպառ բացառումը, ըստ քաղաքագետի, հերթական անգամ ընգծում են՝ ինչ մեծ փակուղու առջև է կանգնած այսօր Արցախը։