Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետախուզության երկարատև հատուկ գործողության արդյունքում ռուսական Մի-8 ուղղաթիռը վայրէջք է կատարել Խարկովի մարզում։ Ավելի վաղ սրա մասին գրել էին տարբեր Տելեգրամ ալիքներ։
Վարչության խոսնակ Անդրեյ Յուսովը հաստատել է, որ ռուսական ուղղաթիռը իրականում վայրէջք է կատարել Ուկրաինայի օդանավակայանում։ Հանձվե՞լ է արդյոք անձնակազմը ուկրաինական կողմին, թե ոչ՝ հայտնի չէ։ Յուսովն ասել է, թե անձնակազմի հետ աշխատանքը շարունակվում է, և մանրամասները կբացահայտվեն ավելի ուշ։
«Ուկրաինսկա պրավդան» էլ գրել է, թե ռուսական ուղղաթռի օդաչուի ընտանիքը նախապես տեղափոխվել էր Ուկրաինա։ Եթե այս լուրը հաստատվի, սա առաջին նման դեպքը կլինի, երբ ռուս զինվորականը թանկարժեք ռազմական տեխնիկայի հետ միասին հանձնվում է ուկրաինական կողմին։
Ռուսական իշխանությունները միջադեպը դեռ չեն մեկնաբանել։
Ուկրաինական հետախուզությունը այսօր նաև հայտնել է, որ Ղրիմում ոչնչացվել են ռուսական С-400 համալիրներ։
Օգոստոսի 23-ի առավոտյան Տելեգրամ ալիքները հայտնել են Ղրիմի արևմուտքում գտնվող Օլենևկա գյուղի մոտ պայթյունի մասին։ Հրապարակվել են նաև լուսանկարներ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ պայթյունի հետևանքով ոչնչացվել է ռուսական С-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ բուն կայանքը և դրա վրա տեղադրված հրթիռներն ամբողջությամբ ոչնչացվել են, իսկ անձնակազմը՝ զոհվել:
Ըստ Զելենսկու՝ ուկրաինական բանակը դանդաղ, բայց առաջ է գնում
Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, թե ուկրաինական բանակը դանդաղ բայց առաջ է գնում. - «Մենք առաջ ենք գնում։ Մեզ համար շատ դժվար է, քանի որ ռուսները հազարավոր ականներ են թողել։ Զինվորականներն ինձ հայտնում են՝ մենք անընդհատ առաջ ենք գնում։ Այո, մի քիչ, բայց ուղղությունը ճիշտ է»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այդ առաջխաղացման որոշ դետալներ է ներկայացրել՝ հայտարարելով, թե բանակը առաջ է գնում Նովոպրոկոպովկայի ուղղությամբ և հաստատվում է գրված գծերում։ Նովոպրոկոպովկան գտնվում է Ռաբոտինոյի հարավում, որի շուրջ վերջին շաբաթների ընթացքում մեծ մարտեր են տեղի ունեցել:
Ուկրաինական ուժերը շարժվում են առաջ Մելիտոպոլի ուղղությամբ ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովման կարևոր կենտրոն՝ Տոկմակ քաղաք։ Ընդ որում, ամերիկյան պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով՝ ուկրաինացիներն այս ուղղությամբ կարողացել են հաղթահարել հսկայական ականապատ դաշտեր և հասել են Ռաբոտինի ռուսական պաշտպանության առաջին հիմնական գիծ:
Ուկրաինական ուժերը մոտ են ռուսական պաշտպանության երկրորդ գծի դեմ գործողություններ սկսելուն, գրում են ամերիկացի փորձագետները, հավելելով, թե ռուսների պաշտպանության երկրորդ գիծը կարող է ավելի թույլ լինել, քան առաջինը։ Ռուսների պաշտպանության այս գծերը նաև կոչում են սուրովիկինի գծեր, իսկ ինքը՝ գեներալ Սուրովիկինը ռուսական մամուլի, այդ թվում՝ պետական ՌԻԱ Նովոստիի աղբյուրների պնդմամբ՝ պաշտոնանկ է արվել։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար է նշանակվել գեներալ Վիկտոր Աֆզալովը։ Սուրովիկինի գտնվելու վայրը Պրիգոժինի տապալված ապստամբությունից հետո այսօր էլ հայտնի չէ։
Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումներն արդեն ամենօրյա են։ Ռուսական ՀՕՊ-ը, սակայն, կարողանում է գրեթե բոլոր դրոնները խոցել։ Վեցերորդ օրն անընդմեջ անօդաչու թռչող սարքերը խոցվում են կամ Մոսկվային մոտենալիս, կամ արդեն քաղաքում։ Այս ամառ չորրորդ անգամ անօդաչու թռչող սարքը հայտնվել է «Մոսկվա սիթիի» աշտարակների մոտ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ գրեթե ամեն գիշեր ստիպված թարմացում է իր Տելեգրամ ալիքը, այս գիշեր նա գրել է, թե մի անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա սիթիի» «կառուցվող շենքին», իսկ մյուսը խոցվել է Մոժայսկի մոտ։ Ջարդվել են ոչ միայն կառուցվող աշտարակի մի քանի հարկի պատուհանները, այլ նաև կողքի բազմաբնակարան շենքի պատուհաններն ու պատշգամբները։
Համացանցում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր։ Անօդաչուի բեկորներից վնասվել է նաև բնակելի տուն մերձմոսկովյան Խիմկիում։
Ընդհանուր առմամբ Մոսկվան և Մոսկվայի մարզն այսօր գրոհել են երեք անօդաչուներ, տուժածներ ու լուրջ ավերածություններ չկան։ Իսկ Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից երեք խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ուկրաինային սահմանակից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերը պարբերաբար գնդակոծության են ենթարկվում։ Ռուսաստանի իշխանությունները դրանց համար մեղադրում են Ուկրաինայի զինված ուժերին։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանում հրետակոծությունը։
Իր հերթին, գիշերը ռուս զինվորականները երեք ժամ շարունակ անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Օդեսայի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները։ Բացի այդ, առավոտյան ռուսները երկու կառավարվող ռումբ են նետել Խերսոնի վրա։ Ավերվել է մանկապարտեզ և բնակելի շենք, տուժել է 6 մարդ, իսկ Սումիի շրջանի Ռոմնի քաղաքի դպրոցին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել։