Քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանի և Արմեն Հայկի Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Ըստ Քննչական կոմիտեի՝ հաղորդում է ստացվել, որ երեկ՝ ժամը16:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ըստ Քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի երկու զինծառայողներ, ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։