Մատչելիության հղումներ

Վարչապետը չի առաջարկում որևէ բան փոփոխել Հռչակագրում, բարձրաձայն մտածում է բարդ ընթացք ունեցած հարցերի շուրջ․ Քոչարյան


Անկախության հռչակագրի հետ կապված Հայաստանի ներկայիս ղեկավարը տեսնում է ինչ-որ խնդիրներ, որոնց մասին արժե սկսել խոսել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի օրը՝ օգոստոսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհավորական ուղերձին հաջորդած քննադատություններին։

Վարչապետն իր ուղերձում ակնարկեց՝ հռչակագիրը խորը քննության կարիք ունի:

Ըստ Քոչարյանի, եթե կան խնդիրներ, ավելի մեծ ընդգրկուն խոսակցություն պետք է ծավալվի Հայաստանում, որը կբերի հստակեցման, թե՛ գործող հռչակագրի, թե՛ հռչակագրի այնպիսի դրույթների, որը խոչընդոտներ չի թողնի հետագա զարգացումներն արագ իրականություն դարձնելու հարցում։

«Ազատության» դիտարկմանը, թե անկախության հռչակագիրը և Սահմանադրության առաջին, երկրորդ կետերը փոփոխության ենթակա չեն, ընդհանրապես, հանրաքվեով էլ չեն կարող փոխել, Քոչարյանն արձագանքեց՝ վարչապետը չի առաջարկում որևէ բան փոփոխել։

«Վարչապետը բարձրաձայն մտածում է այն հարցերի շուրջ, որոնց մասին նախկինում՝ մինչև ընդունվելը հռչակագրի, եղել է բավականին բարդ ընթացք, խոսակցություններ և ընդունվել է հռչակագիրը։ Մենք ունենք այն հռչակագիրը, ինչն ընդունվել է շատ տարիներ առաջ, և հիմա վարչապետը հռչակագրի ընդունման օրը, խոսում է իր մտորումների մասին, հիմա ոչ թե խոսում է փոփոխությունների մասին, որոնք ամրագրված են որոշակի դրույթներում սահմանադրական, այլ խոսում է ընդհանրապես, որպես երկրի ղեկավար իր պատկերացումների մասին, հիմա էդ պատկերացումները շատերը կարող են ընդունեն, կարող են չընդունել», - ասաց Քոչարյանը։

Գործադիրի ղեկավարը օգոստոսի 23-ի իր շնորհավորական ուղերձում, մասանավորապես, ասաց, որ՝ թեև Անկախության հռչակագրով հռչակվեց Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակվեց Խորհրդային Միությունից հեռանալու բոլոր ճանապարհները։ Վարչապետը նաև նշեց, թե «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»։ Թե հռչակագրի 12 դրույթներից որոնք են տարածաշրջանի հետ հակամարտային բովանդակություն պարունակում, Փաշինյանը չի մանրամասնել:

Անկախությունն ազդարարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը քննադատեց վարչապետի հայտարարությունը՝ շեշտելով՝ Փաշինյանը կպել է սրբության սրբոցին: «Այսօր կպնել էդ սրբություն սրբոցին, մեր երկրի ծննդականին, սրբապղծություն է», - ասել էր Մանուկյանը:

Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG