Այսօր Հայաստանի անկախության հռչակման 25-ամյակն է: 1991 թվականին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու համար:
Հանրաքվից մոտ մեկ տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրում խոսվում էր ժողովրդավարական, իրավական պետություն ստեղծելու մասին: Որքանո՞վ է դա հաջողվել․ Երրորդ Հանրապետության 25-ամյա ուղին «Ազատության» հետ զրույցում գնահատեց պատգամավոր Արամ Մանուկյանը, ով 1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում ընթերցել է Անկախության հռչակագիրը:
«Հպարտության զգացում կա, անշուշտ, որովհետև մեր սերնդին բախտ վիճակվեց իրականացնելու այդ ամբարված երազը, հավաքական երազը, շուրջ վեց դար տևող երազը, և արժանապատիվ կերպով այս խորհրդարանը 91-ի մարտին որոշեց հանրաքվե անցկացնել, որով դեմ եղավ սովետական իմպերիային, դուրս եկավ սովետական իմպերիայի դեմ, բայց՝ Սովետական Միության օրենքներով», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Եվ մարտին մենք նշանակեցինք հանրաքվե, վեց ամիս հետո անցկացվեց այդ հանրաքվեն, կային մարդիկ, որ դեմ էին, կային մարդիկ, որ այդ մեթոդը չէին ընդունում, բայց մենք հեռատես էինք՝ Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, որոնք ղեկավարում էին մեր խմբակցությունը, և ընդհանրապես շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեն գտավ, որ հանրաքվեով ամրագրված անկախությունը կարող է լինել դարերի համար, հավերժ: Եվ 2 միլիոն 10 հազար մարդ՝ 2 միլիոն 40 հազար մասնակցից, քեֆով, ուրախությունով, սեղան գցելով, մատաղ անելով եկավ և քվեարկեց սեփական երկրի անկախության համար: Ա՛յ դա հասարակություն էր, ա՛յ դա քաղաքացիական հզոր թիմ էր, ա՛յ դա պատմական էր»:
«Ես որ ընթերցում էի Անկախության հռչակագիրը, մտավախություն էր ինձ պարուրել, որ Առաջին Հանրապետությունը տևեց երկուսուկես տարի՝ ի՞նչն էր պատճառը, ի՞նչն էր այդ մարդկանց մեղքը, ի՞նչը ձախողվեց, ի՞նչն է սխալ արված, և մտահոգություն կար, որ հանկարծ իմպերիան նորից քեզ չճզմի, ու դու չմնաս փլվող իմպերիայի տակ: Ես զգացի անկախության իրական արգասիքը, արդյունքը Ղարաբաղի ազատագրման գործում, երբ որ մեր ազատամարտիկները հաղթանակներ արձանագրեցին», - նշեց Արամ Մանուկյանը՝ շեշտելով․ - «Ես համոզված եմ և մշտապես այս կարծիքին եմ եղել՝ Ղարաբաղում հայ ժողովրդի հաջողությունները, ազատագրական պայքարը եղել են արդյունք Հայաստանի անկախ պետականության:
Իսկ ամենամեծ ձախողումը, այժմ ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, «հոգեբանական ձախողումն է, երբ որ քաղաքացուն բերեցին այն վիճակի, որ ինքը սկսեց չսիրել իր անկախությունը, բերեցին այն վիճակին, որ ավելի լավ է արտագաղթես, քան մնաս այս երկրում, բերեցին այն վիճակին, որ ինքը կապեց մեր անհաջողությունները մեր անկախության հետ»: