Մատչելիության հղումներ

Այս գիշեր ուժգին պայթյուններ են լսվել Ռուսաստանի Մոսկվայի, Բելգորոդի, Կուրսկի, Ռոստովի մարզերում


Այս գիշեր պատերազմը տեղափոխվել է Ռուսաստանի տարածք․ ուժգին պայթյուններ այսօր լսել են Մոսկվայի, Բելգորոդի, Կուրսկի, Ռոստովի մազերի բնակիչները։

Ռոստովում բնակիչները պատմում են, թե ուժգին պայթյուններ են լսել, ռուսաստանցի ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը պնդում է, թե Դոնի Ռոստովի վրա հակաօդային պաշտպանության համակարգ է գործել, երեք ուկրաինական հրթիռ է խոցվել։

Նրա խոսքով՝ քաղաքի վրա գրոհելու համար օգտագործվել են С-200 զենիթահրթիռային համակարգեր։ Նմանատիպ հրթիռներ են կիրառվել Տագանրոգի և Ղրիմի կամրջի գնդակոծման ժամանակ։

Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել քաղաքում տեղի ունեցած պայթյունները, իսկ Ռոստովի մարզի նահանգապետը փորձել է հանգստացնել բնակիչներին, հայտարարելով, թե Ռոստովում տեղի ունեցած պայթյունի ձայները կապված են «ռազմական ինքնաթիռի գերձայնի անցնելու» հետ։

Կալուգայի մարզի նահանգապետն էլ հայտնել է, թե օգոստոսի 21-ի առավոտյան, «չնայած օդերևութաբանական ծանր պայմաններին», Կիրովսկի շրջանում անօդաչու սարքերի հարձակումը հետ է մղվել, տուժածներ և ենթակառուցվածքների ավերածություններ չկան։

Դրոներն այսօր առավոտյան կրկին գրոհել են նաև Մոսկվայի մարզը, իշխանությունների պնդմամբ խոցված անօդաչուի բեկորներն ընկել են մերձմոսկովյան Իստրայի շրջանում, տուժել է երկու մարդ: Կրկին մի քանի ժամով փակ էին Մոսկվայի օդանավակայանները, հետաձգվել էր շուրջ 43 չվերթ։ Հարձակման է ենթարկվել նաև Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզը, որը մշտական հարվածների տակ է:

Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է փոխանակել Բելգորոդը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց

Մինչ այդ երեկ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է փոխանակել Բելգորոդ քաղաքը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց:

Ուկրաինայի նախագահը, պատասխանելով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմաց հնարավոր տարածքային զիջումների մասին հարցին, ասել է. - «Պատրաստ ենք փոխանակել Բելգորոդ քաղաքը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հնարավորության հետ»։

Նման հայտարարություն Ուկրաինայի նախագահն արել է Դանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Սկրիդստրուպ ավիաբազա կատարած այցի ժամանակ։ Մի քանի ժամ առաջ Զելենսկին այցելել էր Նիդեռլանդներ, որտեղ, պատասխանելով լրագրողների հարցերին, բացառել էր ուկրաինական տարածքների հետ «ինչ-որ բան փոխանակելու» հնարավորությունը։

Շաբաթվա սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Սթիան Յենսենը հայտարարել էր, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան կարող է զիջել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների մի մասը, և դրա դիմաց երկիրը կստանա Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու իրական հնարավորություն: Պաշտոնյայի հայտարարությունը Ուկրաինայում հասարակական ընդվզում է առաջացրել։ Ավելի ուշ, ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների քննադատությունից հետո, Յենսենն իր խոսքերն անվանել է «սխալ»՝ բացատրելով, որ դրանք հնչել են «հետագա հնարավոր սցենարների լայն քննարկման» համատեքստում։

Իսկ ավելի վաղ Նիդեռլանդներում Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինան օդաչուների և ինժեներների վերապատրաստումից հետո կստանա 42 F-16 ամերիկյան կործանիչ։ Թե երբ ուկրաինական բանակը կկարողանա օգտագործել այդ կործանիչները դեռ պարզ չէ․ ավելի վաղ ռազմական փորձագետները պնդում էին ,թե դա տեղի կունենա եկող տարվա գարնանից ոչ շուտ։

Մինչ այդ իրավիճակը ռազմի դաշտում էապես չի փոխվել, ռուսները կրկին փորձում են առաջ գնալ արևելքում, ուկրաինացիները հարավում՝ Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի «հաջողությունների» մասին Զապորոզժիեի մարզի Ռաբոտինո գյուղից հարավ-արևելք։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են վերականգնել կորցրած դիրքերը Ռաբոտինոյի արևելքում, սակայն ապարդյուն։

Արևմտյան մամուլը անցած շաբաթ գրել էր, թե պատերազմն Ուկրաինայում կարող է շատ երկար տևել, այսօր ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե օգոստոսի վերջին Թուրքիայում նախատեսված Պուտին-Էրդողան բանակցությունները տեղի չեն ունենա, փոխարենը նրանք կարող են հանդիպել «Մեծ քսանյակի» շրջանակներում։

«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա «Մեծ քսանյակի» հանդիպումը և Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [նիստը]: Եթե այս լարված պայմաններում առիթ գտնենք, դեմ առ դեմ կհանդիպենք ու կխոսենք Պուտինի հետ», - ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Օգոստոսի սկզբին Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ նախագահները պայմանավորվել են Պուտինի Թուրքիա այցի շուրջ։ Պուտինն ու էրդողանը պետք է քննարկեին Էրդողանի նոր առաջարկները Պուտինին թե՛ հացահատիկի գործարքի, թե՛ ընդհանրապես պատերազմը կանգնեցնելու շուրջ։

XS
SM
MD
LG