Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հերքում է լուրերը, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։

Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են», - նշել են դեսպանատնից։

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը շեշտել է, որ ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր արած հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է խորապես մտահոգել. - «Մենք Ադրբեջանի կառավարությունը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»։

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցով անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը որևէ փաստաթղթի ընդունում չհետևեց։

Արտգործնախարար Արարատ Միզոյանին երեկ մեկնաբանեց մամուլի տեղեկությունները, թե ՄԱԿ Անվտանգության խորհրդում Նահանգներն է խոչընդոտում Լաչինի միջանցքի հարցով բանաձևի ընդունմանը, ասելով՝ չի կարծում, թե ԱՄՆ-ը որևէ ձևով կցանկանա մաս կազմել էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը, ինչպես նաև գիտակցում, որ հնարավոր ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը կգար օգնելու՝ հանգուցալուծել, վերջ դնել հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցային օրակարգին», - ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG