Մատչելիության հղումներ

ՌԴ անվտանգության ուժերի մի շարք ղեկավարներ ցանկանում են, որ Պուտինը պաշտոնանկ անի Շոյգուին և Գերասիմովին. Bloomberg


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով, արխիվ

Ռուսաստանի անվտանգության ուժերի մի շարք ղեկավարներ ցանկանում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ անի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ինչպես նաև ուժեղացնի ռազմական գործողություններն Ուկրաինայում, մասնավորապես՝ հայտարարի համընդհանուր մոբիլիզացիա և ռազմական դրություն մտցնի։ Այս մասին, հղում անելով ռուսական էլիտայի հինգ աղբյուրների, հաղորդում է Bloomberg-ը առանց անուններ նշելու:

Գործակալությունն ընդգծում է, որ նմանատիպ պահանջներ է ներկայացրել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ով հունիսի վերջին զինված արշավ էր իրականացրել Մոսկվայի դեմ, որը Պուտինն ինքը որակել էր որպես խռովություն։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Ռուսաստանի ղեկավարությունում շատերն են զարմացել, որ Պուտինը, փաստորեն, ոչ մի կերպ չի պատժել ապստամբներին, թեև չի կատարել նրանց պահանջները։ Դրա պատճառով Պուտինի՝ որպես «կայունության երաշխավորի» համբավը կարող է տուժել, թեև Bloomberg-ն ընդգծում է, որ, ընդհանուր առմամբ, ռուսական էլիտաները Պուտինին այլընտրանք չեն տեսնում դեռ և պաշտպանում են ստատուս քվոն։

Գործակալության հրապարակումը հիմնականում կենտրոնանում է 2024 թվականի նախագահական ընտրությունների Կրեմլի նախապատրաստական աշխատանքների վրա։ Մեկնաբանները կարծում են, որ Պուտինը կրկին կառաջադրվի՝ վերընտրվելու վեց տարի ժամկետով: Բացի Ուկրաինայում շարունակվող պատերազմից՝ Ռուսաստանի նախագահին վերջին շրջանում հատկապես անհանգստացնում է ռուբլու արժեզրկումը և տնտեսական կայունության խնդիրը, հայտնում են աղբյուրները։

Bloomberg-ի զրուցակիցները համակարծիք են, որ Պուտինը չի ցանկանում, որ ընտրություններից առաջ ռուբլին է՛լ ավելի արժեզրկվի, և դրա համար չի գնա դեռ կոշտ միջոցների, ու համընդհանուր մոբիլիզացիա մինչև ընտրությունները դժվար թե հայտարարի։

Նա արդեն հինգերորդ անգամ կմասնակցի ընտրություններին և քարոզարշավը կկառուցի այն թեզի վրա, որ չնայած պատժամիջոցներին, պատերազմին և տնտեսական խնդիրներին՝ իր իշխանությունն ամուր է:

XS
SM
MD
LG