ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Մենք խորապես մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառավությանը կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ երթևեկությունը այդ միջացքով», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը նիստ է գումարելու Ղարաբաղի հարցով, և ակնկալում են, որ այնտեղ քննարկումները կշարունակվեն։
Պատելը խուսափել է պատասխանել, թե այդ հարցով ՄԱԿ-ում ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները, ասելով, թե չի պատրաստվում հանդիպումից առաջ ընկնել։
«Բայց մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի լուծելու այդ երկարատև հակամարտությունը, և մենք կարծում ենք՝ ցանկացված ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ բան կլինի և դրական քայլ առաջ»,- ասել է Վեդանտ Պատելը։
Տե՛ս նաև այստեղ