Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը հաստատում է՝ սահմանային պարեկության ընթացքում եվրոպացի դիտորդներն ականատես են եղել կրակոցների՝ առանց հստակեցնելու՝ արդյոք Ադրբեջանի զինուժը կրակել է հենց իրենց ուղղությամբ։ Առաքելությունից միայն հայտնում են՝ անձնակազմից որևէ մեկը չի տուժել։
Մինչդեռ այս հրապարակումից առաջ առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարությանը, թե կեսօրին Ադրբեջանը հրաձգային զենքից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող եվրոպացի դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։
«Կեղծ է»․ այսպես էր մակագրել Հայաստանում ԵՄ առաքելությունը ռազմական գերատեսչության տարածած տեղեկությունը։ Այս գրառումը, սակայն, առաքելության սոցցանցի էջից շուրջ 1 ժամ անց հեռացվեց առանց պարզաբանման, երբ հայաստանյան տելեգրամյան ալիքներում արդեն տարածվել էր տեսանյութ, որում երևում է դիտորդների համազգեստով տղամարդը։ Նա անգլերենով պատմում է՝ ադրբեջանական դիրքից կրակում են իրենց ու իրենց մեքենաների ուղղությամբ։
Նույն այս հատվածում երեկ էլ հայկական կողմի հաղորդմամբ՝ զինծառայող էր վիրավորվել։ Նրա վիճակը ծանր է։
Ո՛չ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ Արտգործնախարարությունը դեռ չեն արձագանքել դիտորդական առաքելության հերքում-հաստատմանը։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Եվրամիության երկրորդ հաղորդագրության պատճառը հրապարակված տեսանյութն էր, որը հաստատում էր դիտորդների ուղղությամբ կրակոցների փաստը։ Սրանից Բաղդասարյանը ենթադրում է՝ դիտորդները սահմանին էլի են նման միջադեպեր գրանցել, բայց լռել են։
«Պարզապես այս անգամ, քանի որ հայկական կողմը տեսանյութ հրապարակեց, շատ ցցուն կլիներ, եթե Եվրամիության դիտորդական առաքելությունը դրան չարձագանքեր, այսինքն՝ նրանք ստիպված էին արձագանքել։ Եթե դա չլիներ, կարծում եմ՝ նման հնչեղություն չէր ստանա այդ միջադեպը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ Եվրամությանը ձեռնտու չէ հրապարակավ արձանագրել նման փաստերն ու հանդես գալ դատապարտումներով. - «Նախ, որովհետև Եվրամիությունն ինքն այդպիսով փոքր-ինչ կնվաստացներ սեփական դերը, սեփական դիտորդների դերը, այսինքն՝ ցույց կտար, որ այդ դիտորդական առաքելությունն իրականում այդքան էլ մեծ կարևորություն չունի, որովհետև Ադրբեջանը դա անտեսում է, այսինքն՝ դա այնքան էլ Հայաստանի սահմանների կայունության երաշխիք չէ»։
Իսկ մյուս՝ գլխավոր պատճառն, ըստ Բաղդասարյանի, որ Բրյուսելը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ. - «Նախ էներգետիկ ծրագրեր կան Ադրբեջանի հետ կապված, և երկրորդ՝ Արևմուտքում Ադրբեջանն ընկալվում է որպես ռեսուրս, որի միջոցով Հարավային Կովկասում հնարավոր կլինի լարվածության նոր օջախ ձևավորել և այնտեղ ներքաշել Ռուսաստանին»։
Բաքուն էլ էր ավելի վաղ հերքել Հայաստանի ռազմական գերատեսչությանը՝ Երևանի հաղորդագրությունը որակելով «հերթական ապատեղեկատվություն»։ Ադրբեջանական կողմը պնդումները հիմնավորել էր այն հանգամանքով, որ դիտորդները նախապես տեղեկացնում են իրենց տեղաշարժի մասին։
Եվրամիության դիտորդական առաքելությունը նախօրեին էլ, ըստ էության, հերքել էր Բաքվի պնդումները, թե Հայաստանի զինուժը «մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել» հայ - ադրբեջանական սահմանին։ Առաքելությունից հայտարարել էին, որ հայ - ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չեն արձանագրել։