Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի հիմքում է ընկած»:
«Մեր վերջին հանդիպման ժամանակ հանձնառություն ստանձնեցինք լավագույնս իրացնելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա ներուժը, և այժմ կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր փուլ, ինչի վկայությունն է մեր երկրների միջև երկկողմ օրակարգի և երկխոսության ակտիվացումը:
Մենք կարևորում ենք ժողովրդավարական արժեքների կրող Հնդկաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ քաղաքականության մեջ և սատարում միջազգային ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում Հնդկաստանի ջանքերին:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի, ինչին էապես կնպաստեն կողմերի միջև բարձրաստիճան փոխայցելությունները: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու իմ հրավերը», - ասված է ուղերձում:
Հայաստանի ղեկավարը Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթում է ամենայն բարիք և բարօրություն: