Մատչելիության հղումներ

Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հանդիպել Գուտերեշի, Ստոլտենբերգի, Մոդիի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպումը, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպումը, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2019թ․

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

«Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում: Այն հիմնված է մեր ժողովրդի ծանրակշիռ մանդատի վրա, որին մենք պատասխանատու ենք բարեփոխումներ իրականացնելու, արդարության ապահովման, տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման և մեր ազգի զարգացման գործում», - մասնավորապես հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի ղեկավարը Նյու Յորքում նաև հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթնաժողովում, այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից բարեփոխումների նախաձեռնումը և ընդգծել, որ ՄԱԿ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ողջունում է ժողովրդավարական զարգացումները և պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին՝ առաջընթաց արձանագրելու գործում։

Յենս Ստոլտենբերգը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և երկկողմ Անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում և հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համատեքստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG