Մատչելիության հղումներ

Վլադիմիր Ֆեսենկոյի կարծիքով՝ հետխորհրդային տարածքի ապագան մեծապես կախված է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի ելքից


Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոյի կարծիքով՝ հետխորհրդային տարածքի ապագան մեծապես կախված է լինելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ելքից:

«Եթե ռուսաստանի կայսերական, մեծապետական քաղաքականությունը ձախողվի, ապա դա կնպաստի հետխորհրդային տարածքում -ժողովրդավարական գործընթացներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ֆեսենկոն նշեց, որ «Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության երկակիությունը դրսևորվել է նաև Փաշինյանի ներկայիս իշխանության առնչությամբ»:

«Երբ կարդում եմ ռուսական Տելեգրամ ալիքները, սա շատ նկատելի է: Այո, մի կողմից թվում է, թե ֆորմալ դաշինք կա Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի, Եվրասիական միության գծով, բայց դրա հետ մեկտեղ շատ են քննադատությունները Փաշինյանի հասցեին: Նա համարվում է օտար, ինչո՞ւ, որովհետև նա իշխանության եկավ հակակոռուպցիոն բողոքի ալիքի վրա: Այս երկակիությունը նաև ռուսական արտաքին քաղաքականության ոճն է: Բայց եթե ռուսական մեծապետական քաղաքականությունը տապալվի, ներկայիս պատերազմի արդյունքում, կարծում եմ, որ դա կնպաստի հետխորհրդային տարածքում ժողովրդավարական գործընթացների ակտիվացմանը, կնպաստի Հայաստանում դրանց ամրապնդմանը», - ընդգծեց նա:

Ուկրաինացի քաղաքագետի կարծիքով Հայաստանն աստիճանաբար կվերադառնա բազմակողմ, բարեկամական հարաբերություններին, այդ թվում՝ արևմտյան երկրների հետ

«Հիշեցնեմ, որ 2013 թվականին Հայաստանը Ուկրաինայի և Վրաստանի հետ միասն ձգտել է Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել: Այդ ժամանակ հենց Պուտինի կոշտ ճնշումն էր թե՛ Ուկրաինայի, թե՛ Հայաստանի վրա, որ ստիպեց այս երկրներին հրաժարվել այդ համաձայնագրերը ստորագրելուց: կարծում եմ, որ Հայաստանին ձեռնտու է և՛ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, բայց նաև լավ հարաբերություններ զարգացնել եվրոպացի գործընկերների հետ:

Հայաստանի համար կարծում եմ, դա կլիներ օպտիմալ ընտրությունը: Ռուսաստանի ճնշման տակ չի կարելի ընտրել միայն մեկ կողմը, այնպես որ կարծում եմ, որ ապագայում Հայաստանի համար շատ կարևոր է ակտիվ բարեկամական հարաբերությունների վերականգնումն այն երկրների հետ, որոնք այժմ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ, բայց որոնց հետ Հայաստանը պատմականորեն բարեկամական ջերմ հարաբերություններ ուներ», - նշեց Վլադիմիր Ֆեսենկոն:

XS
SM
MD
LG