Մատչելիության հղումներ

«Խորհուրդ է տրվում 12-ից 18-ը չլինել դրսում»․ մայրաքաղաքում այսօր սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն


Մայրաքաղաքում ջերմաստիճանն այսօր կհասնի մինչև 42-ի։ Նույն ջերմաստիճանը կգրանցվի Արարատյան դաշտում ու Սյունիքի հովիտներում։

Արաբական թերակղզուց հզոր ջերմային ալիք է Հայաստան հասնում։ Կտրուկ տաքացումը նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառ կլինի, մասնագետները հորդորում են ցերեկային ժամերին խուսափել արևից։

Սաստիկ շոգի պատճառով առողջությունը չվնասելու համար բժիշկները մի քանի խորհուրդ են տալիս․ անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել՝ օրական 2-ից 3 լիտր։

«Կոֆեին պարունակող խմիչքներն ու ըմպելիքները՝ թե՛ տաք, թե՛ սառը, առաջարկում ենք պակասեցնել հնարավորինս, որովհետև դրանք թեև կարճատև թարմացնող էֆեկտ ունեն, այնուամենայնիվ իրենք հյուծում են օրգանիզմը, իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի ծանրացնում են, ջրազրկում են», - ասում է հինվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը։

Ցերեկային ժամերին ցանկալի է դուրս չգալ, եթե դրսում եք, քայլեք ստվերում, գլխարկ, արևային ակնոց կրեք։ Յուղոտ, դժվարամարս սննդամթերքից էլ խորհուրդ է տրվում հրաժարվել։

«Խորհուրդ է տրվում ընդհանրապես այս սեզոնին ամենածանր սնունդն ընդունել օրվա զով ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին, օրգանիզմն առավել չծանրաբեռնելու համար ավելի շատ ուտել թեթև բանջարեղենային, դյուրամարս սնունդ՝ քիչ չափաբաժիններով, որ առանց այլն էլ ծանրաբեռնված օրգանիզմի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի», - ասաց Բակունցը՝ խորհուրդ տալով նաև դրսում չլինել ամենաշոգ ժամերին՝ 12-ից 18-ը ընկած ժամանակահատվածում։

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով հրդեհների հավանականությունը նույնպես մեծանում է։ Մասնագետները շեշտում են՝ հրդեհների հիմնական պատճառը մարդկանց անփութությունն է. անտառային տարածքներում պետք չէ կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գետնին գցել չի կարելի։

Օդերևութաբանները մինչև օգոստոսի 14-ն են նորմայից զգալի բարձր շոգ կանխատեսել, բայց դեռ չեն շտապում ասել, թե ինչպիսին կլինի օգոստոսի մյուս կեսը։

XS
SM
MD
LG