Մատչելիության հղումներ

Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի


Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Ամենաշոգը կլինեն առաջիկա հանգստյան օրերը՝ օգոստոսի 15-16-ը։

Բացօթյա վայրերում աշխատող երևանցիները օդերևութաբանների հայտարարություններին հիմնականում չեն հավատում և սեփական չափիչ սարքերի միջոցով են փորձում պարզել՝ արդյոք ջերմաստիճանը հատել է 40 աստիճանը։

Թեև, ըստ օրենսգրքի, 40 աստիճան շոգի դեպքում գործատուները պարտավոր են հավելյալ ընդմիջումներ հատկացնել, մեզ հանդիպած երևանցիները պնդում էին՝ մինչև այժմ իրենց աշխատաժամերը չեն պակասել։

«Իհարկե, մեր Հայաստանի պայմաններում ոչ մի տեղ դա չի կիրառվում: Շատ լավ գիտենք էդ ամենը, դրա համար էլ մեր ցուցափեղկերում էլ, որ ցույց ա տալիս, ինչքան պիտի լինի, միշտ 40-ից պակաս ա ցույց տալիս։ Ստիպված աշխատում ենք, ուրիշ հնարավորություն ունե՞նք չանելու՝ չունենք», - «Ազատությանն» ասաց միջին տարիքի մի կին։

«Ոչինչ էլ չենք պահանջում, որովհետև ոչինչ չեն անում, ոչ մի հարցում չեն ընդառաջում ընդհանրապես: Դուք չգիտե՞ք, որ Հայաստանում չգրված օրենքներ են, այսինքն՝ գրված, չիրագործվող», - հավելեց մեկ այլ երևանցի կին:

Ըստ օդերևութաբանների, ամենաբարձր ջերմաստիճանը, որ գրանցվել է այս ամռան ընթացքում, 40.6 աստիճան է եղել։ Առաջիկա շաբաթներին, մինչդեռ, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի: Ամենաշոգը կլինեն առաջիկա հանգստյան օրերը՝ օգոստոսի 15-16-ը։

Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը այս օրերի շոգը բացատրում է Իրաքից ներթափանցած տաք և չոր օդային հոսանքների ազդեցությամբ․ - «Գիշերային ջերմաստիճանները կբարձրանան և 27-28 աստիճանից չեն իջնի, իսկ ցերեկը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում։ Օգոստոսի 17-18-ին չնչին 1-2 աստիճանով կնվազի և կտատանվի 39-40-ի սահմաններում։ Սակայն օգոստոսի 19-ից կրկին կբարձրանա և 19-20-21-ին ջերմաստիճանը կրկին կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում»:

Ըստ մասնագետի, այսպիսի տևական շոգ եղանակ Երևանում չէր գրանցվել վերջին 100-200 տարվա ընթացքում․ - «Երևանում օդերևութաբանական դիտարկումները սկսվել են 1843 թվականից: Եվ մինչև օրս մենք այսպիսի տևական շոգեր չենք ունեցել։ Ճիշտ է, էլի եմ կրկնում, մենք ռեկորդները չենք գերազանցել․ ռեկորդը Երևանի համար 42.0 աստիճանն է, որը գրանցվել է 2010 թվականի օգոստոսի 3-ին, և Մեղրիում՝ 43.7 աստիճան, որը գրանցվել է 2011 թվականի հուլիսի 31-ին»։

Մասնագետները գյուղատնտեսներին խորհուրդ են տալիս ակտիվ ոռոգում կատարել, որովհետև այս օրերին օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է։ Բարձր՝ 5-րդ կարգի այս հրդեհավտանգ իրավիճակում էլ լինել շատ զգույշ։

Երևանցիներին ուղղված հիմնական խորհուրդը արևի ուղիղ ճառագայթներից խուսափելն է, գլխարկներով ու հովանոցներով պաշտպանվելը ու հեղուկ շատ օգտագործելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG