Մատչելիության հղումներ

Սպասվող շոգի պատճառով քաղաքապետը հանձնարարականներ է տվել


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով։

Ըստ քաղաքապետարանի, «Երևան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է «խստագույնս հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում»: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը:

«Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը:

Կանաչապատման ձեռնարկություններին և համապատասխան մյուս ծառայություններին հանձնարարվել է կանաչ տարածքներում ապահովել խոտհնձի և չոր խոտի հեռացման աշխատանքները, ինչպես նաև խստագույնս հետևել ոռոգման համակարգի անխափան աշխատանքին՝ ապահովելով կանաչ և ծաղկապատ տարածքների ամենօրյա ոռոգումը:

Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ դեռևս բացակայում է ոռոգման ցանցը, հանձնարարվել է ավելի մեծ պարբերականությամբ կազմակերպել ջրցան մեքենաներով ոռոգման աշխատանքները:

«Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական ծառայության, շտապբուժօգնության և բնակչության սպասարկման մյուս ծառայությունները», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG