Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ավելի շատ հակված է ստատուս քվոն պահպանելու մեջ և հատկապես Լեռնային Ղարաբաղում. քաղաքագետ


Արտգործնախարարների վերջին՝ մոսկովյան հանդիպման ընթացքում ռուսական կողմը փոխզիջումային լուծումներ է առաջարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ, այսօր առավոտյան հրապարակված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության բարձաստիճան դիվանագետ Դենիս Գոնչարը՝ ավելացնելով, որ ռուսական կողմի առաջարկները կողմերը ընդունել են «տնային մշակման»։

Ի՞նչ առաջարկներ է հնչեցրել ռուսական կողմը և ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, «Ազատությունն» այսօր հետաքրքրվել է Հայաստանի արտգործնախարարությունից, մեկնաբանություն առայժմ չի ստացել։

Բարձրաստիճան ռուս դիվանագետը ծավալուն հարցազրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմաներին՝ քննադատելով Արևմուտքի մոտեցումը արագ հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրման։

«Կա արդեն դրված նպատակ, որ մինչև տարեվերջ պետք է ստորագրվի փաստաթուղթը, սա նշանակում է, որ ստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ, որը կարող է իրոք ավելի շատ խնդիրներ առաջացնել, քան ինչ-որ լուծումներ տալ։ Բայց մյուս պարագայում պարզ է, թե ինչու է Ռուսաստանը նմանատիպ հայտարարություններ անում. Ռուսաստանը, կարծում եմ, այս օրակարգում այդքան էլ հետաքրքրված չէ լուծումների մեջ։ Եթե ապաշրջափակման օրակարգում նրանք գլխավոր շահառուներից մեկն են, ապա այստեղ նրանք ավելի շատ հակված են հենց ստատուս քվոն պահպանելու մեջ և հատկապես Լեռնային Ղարաբաղում», - «Ազատությանն» ասաց քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը։

Ռուսաստանցի դիվանագետը, երկար թվարկելով հայ-ռուսական հարաբերությունների ձեռքբերումները, անդրադարձել էր նաև Երևանի հետ հարաբերություններում եղած բացասական միտումներին՝ պնդելով, որ դրանք առաջին հերթին պայմանավորված են հայ-ռուսական գործընկերությանը վնաս հասցնելու արևմտյան երկրների շարունակական փորձերով։

Քաղաքական մեկնաբանը համաձայն է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա, սակայն նրա կարծիքով՝ պատճառն Արևմուտքի «շանտաժն ու դատարկ խոստումները» չեն, ինչպես նշել է ռուսաստանցի դիվանագետը. - «Գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, այն է, որ Ռուսաստանը վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում չի կարողանում կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Եթե նախկինում ինչ-որ պատրվակներ էին գտնում, ինչ-որ բացատրություններ, թե ինչու չէին աջակցում Հայաստանին, ապա սեպտեմբերից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանն ընդհանրապես հրաժարվում է որևէ նույնիսկ դիրքորոշում արտահայտել Հայաստանի համար կարևորագույն հարցերում, և սա է պատճառն՝ ինչու Հայաստանը սկսել է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական հարաբերությունները»։

Հաջորդ թեման, որին մանրամասն անդադարձել է Դենիս Գոնչարը, վերաբերում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ըստ ռուս դիվանագետի՝ բանակցություններում առաջընթաց կա, իսկ ռուսական կողմը ձգտում է նրան, որ կողմերից ոչ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկն ավելին է ստանում հաղորդակցությունների վերագործարկման դեպքում։

«Հիմնական տարաձայնությունն այս փուլում այն է, թե ով է իրականացնելու մաքսային վերահսկողությունը սահմանին։ Ռուսական և ադրբեջանական կողմերը պնդում են, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները պետք է իրականացնի այդ վերահսկողությունը, հայկական կողմը, օգտագործելով Լաչինի միջանցքում ստեղծված նոր իրավիճակը, պնդում է, Հայաստանը պետք է իրականացնի», - ասաց Գրիգորյանը։

Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում հավասաչափ գործողությունների մասին՝ արդյոք ռուսական կողմը միջանցքի վերաբերյալ է ակնարկներ անում։ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ոչ, ապաշրջափակման բանակցությունների գոնե այս փուլի ընթացքում միջանցքային տրամաբանություն չկա. - «Մեծ հաշվով կա պայմանավորվածություն, որ եթե բացում է այդ երկաթգիծն ու ճանապարհը, ապա բացվելու է հենց սուվերենության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ ճանապարհն ու երկաթգիծը ամբողջովին լինելու են Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Հայաստանը նաև հնարավորություն է ստանալու օգտվել երկաթգծի նախիջևանյան հատվածով։ Սա է հենց փոխադարձության սկզբունքը»։

Լաչինի միջանցքի փակումից հետո, ըստ մեկնաբանի, Երևանն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը Հայաստանով անցնող հնարավոր միջանցքի կամ ապաշրջափակված ճանապարհների նկատմամբ ռուսական վերահսկղության հարցում։

XS
SM
MD
LG