Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Թուրքիան կշարունակի վետո կիրառել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»


Հաջորդ շաբաթ Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի գլխավոր ինտրիգներից մեկը՝ Շվեդիայի անդամակցության հարցը, հանգուցալուծվեց դեռ մինչև հավաքի մեկնարկը։ Այն, որ սկանդինավյան այս պետությունը տեսանելի ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չի դառնա, երկուշաբթի երեկոյան հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

«Մեր դիրքորոշումն ու ակնկալիքները միշտ էլ շատ հստակ են եղել։ Այս պահին մենք պաշտպանում ենք այն նույն սկզբունքները, որոնք պաշտպանում էինք անցնող ողջ տարվա ընթացքում։ Մեր միակ ցանկությունն այն է, որ [շվեդները] հավատարիմ մնան իրենց իսկ ստանձնած պարտավորություններին։ Ժամանակ ձգելուն միտված մարտավարություն կիրառելու փոխարեն Շվեդիան, որպես պետություն, շատ ավելի մեծ հարգանքի կարժանանար, ավելի իմաստուն և խոհեմ կգտնվեր, եթե կատարեր իր իսկ խոստումները։ Դա, ի դեպ, շահավետ կլիներ հենց իրենց համար», - երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի այս հայտարարությունը հնչեց Անկարայի նախագահական պալատում մի քանի ժամ շարունակված կառավարության նիստից հետո։ Այդ նիստի ընթացքում Թուրքիայի նախարարական կաբինետի անդամները որոշեցին, որ Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում Անկարան կշարունակի կիրառել վետոյի իրավունքը՝ թույլ չտալով Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին։

Ի դեպ, Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում է'լ ավելի կարծրացավ անցած շաբաթ Ստոկհոլմում տեղի ունեցած սկանդալային միջադեպից՝ Ղուրանի հրապարակային այրումից հետո։

«Սադրանքները կանխելու՝ Շվեդիայի անվտանգության համակարգերի անկարողությունը մեզ ևս մտահոգում է։ Արդյո՞ք Շվեդիան կուժեղացնի դաշինքը, թե՞, անդամակցելով դրան, հավելյալ խնդիրներ կստեղծի», - այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքական իշխանությունները պնդում են, որ պաշտոնական Ստոկհոլմը չի կատարում դեռ անցած տարի Մադրիդում ստորագրված հուշագրի դրույթները։ Դրանց համաձայն, Շվեդիայի կառավարությունը պարտավորվում էր իր տարածքում սահմանափակել այն կառույցների գործունեությունը, որոնք Անկարան ահաբեկչական է որակում։ Խոսքը թե' Քրդական Բանվորական կուսակցության (PKK), թե' Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ստեղծած ցանցի տեղական ճյուղավորման մասին էր։ Մադրիդի հուշագրով, ի դեպ, Շվեդիան ևս Քրդական բանվորական կուսակցությունը ահաբեկչական կառույց էր ճանաչել՝ խոստանալով անգամ հակաթուրքական ուժերի դեմ պայքարն է'լ ավելի արդյունավետ դարձնելու համար փոխել ազգային օրենսդրությունը։

«Մենք չենք ցանկանում, որ որևէ պետություն փոխի իր անվանումը, մեր միակ ցանկությունն է, որ այդ մարդիկ կատարեն իրենց իսկ տված խոստումները։ Մենք դեմ ենք, որ [շվեդները] ապաստան տրամադրեն անջատական կազմակերպություններին և գյուլենական սրիկաներին։ Եվ ես ցանկանում եմ մեկ անգամ ևս ընգծել՝ մենք մեր դիրքորոշումներից չենք նահանջի, քանի դեռ այդ պահանջները կյանքի չեն կոչվել», - հայտարարել է Էրդողանը։

Թուրքական կառավարությանը այս որոշումը զգալիորեն խախտում է Վիլնյուսի գագաթաժողովի այն սցենարը, որ գծել էին կազմակերպության բրյուսելյան կենտրոնակայանում։ Դաշինքի ղեկավարությունն ու առաջատար անդամ պետությունները հույս ունեին, որ Վիլնյուսի համաժողովը թե' Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ևս մի հզոր դրսևորում և թե' դաշինքի շարունակվող հզորացման հավելյալ վկայությունը կդառնան, ինչի ամենավառ ապացույցը կարող էր դառնալ Շվեդիայի անդամակցության հարցի վերջնական լուծումը։

Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով, շվեդական անդամակցության հարցի շուտափույթ լուծումը շարունակվող ուկրաինական պատերազմի ֆոնին հնարավորություն կտար արդյունավետորեն զսպել ռուսներին նաև դաշինքի հյուսիսային թևում։

«Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից բացի, անվտանգային նոր իրավիճակը կրկին ստիպում է մեր ուշադրությունը սևեռել զսպման և պաշտպանական կարողությունների վրա։ Այս առումով կարևոր է, որ Շվեդիան որքան հնարավոր է արագորեն անդամակցի ՆԱՏՕ-ին։ Շատ կարևոր է, որ Թուրքիան դադարի ընդդիմանալ այդ հեռանկարին», - հայտարարել էր Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Պաշտոնական Ստոկհոլմը պնդում է, թե թուրքական կողմի պահանջների մեծ մասը արդեն իսկ կատարված է։ Քրդական կառույցների գործունեությունը երկրի տարածքում զգալիորեն սահմանափակվել է, վերացվել է շվեդական արտադրության սպառազինությունը Թուրքիա արտահանելու արգելքը։ Այն, որ Անկարայի կողմից Շվեդիայի հասցեին հնչեցվող քննադատությունը այնքան էլ արդարացված չէ, համաձայն են նաև բալթյան երկրների ներկայացուցիչները՝ նախևառաջ առաջիկա գագաթաժողովը հյուրընկալող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Շվեդիան բավական լուրջ աշխատանք է կատարել Թուրքիայի պահանջներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ։ Բայց որքան ես եմ հասկանում, այդ որոշումները բավարար չեն թուրքական կողմի բոլոր պահանջները կատարված համարելու համար», - պնդում է Լիտվայի նախագահը։

Այս օրերին հաճախ հնչող հարցերից մեկը, ի դեպ, վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ոչ միայն քաղաքական, այլև գործնական, զուտ ռազմական հետևանքներին։ Արևմտյան զինվորական շրջանակների պնդմամբ, դրանք կարող են խիստ էական լինել։ Բանն այն է, որ Շվեդիան սուզանավերի բավական հզոր նավատորմ ունի, որի ընդգրկումը ՆԱՏՕ-ի միասնական զորախմբի կազմում կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Բալթիկ ծովում՝ Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ։

«Կան բազմաթիվ շրջաններ, որտեղ մենք կարող ենք խափանել հակառակորդի անխափան գործելու կարողությունները։ Հինգ սուզանավերը բավարար են հակառակորդի շարժը հեշտությամբ սահմանափակելու համար», - Reuters-ի հետ զրույցում նշել է Շվեդիայի Առաջին սուզանավային նավատորմիղի հրամանատար Ֆրեդրիկ Լինդենը։

XS
SM
MD
LG