Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր, հայտնում է Արցախի պետնախարարը։
Ըստ Գուրգեն Ներսիսյանի՝ այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
«Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։
Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն», - գրել է պետնախարար Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում։
«Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն», - հավելել է նա։
Մինչդեռ Բաքուն հերթական անգամ հայտարարել է, թե իբր «ապահովում է բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով»։
Արցախից ավելի վաղ ահազանգել էին՝ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, ԿԽՄԿ-ն էլ՝ ահազանգել՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։
Երկու օր առաջ՝ հուլիսի 27-ին, 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։