Մատչելիության հղումներ

Բաքուն պահանջում է «չմիջամտել իր ներքին գործերին»


Պաշտոնական Բաքուն պահանջել է «Հայաստանի կողմից խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից» հարգել իր ինքնիշխանությունն ու «տարածքային ամբողջականությունը», չմիջամտել երկրի «ներքին գործերին և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»։

Արցախը նախորդ դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Ադրբեջանի արտգործնախարարությունը հայկական կողմի ուղղությամբ հերթական անգամ իր մեղադրանքներն է ուղղել, նշել, թե իբր ապահովել է քաղաքացիների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով։ Բաքուն կրկին հերքել է Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները, ասելով, թե հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկվել «Ադրբեջանի տարածք»։

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: ԿԽՄԿ-ն ահազանգել է՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմել է Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։ Եվրամիությունը իր խորը մտահոգությունն է հայտնել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է երեք օր առաջ դեպի Արցախի ուղարկված հումանիտար օգնության մուտքը, որը բացվել էր միջազգային դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

«Վերջին օրերին տեղի ունեցած այս բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա ղեկավարությունը»,- պնդում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ սպառնալով ճնշել «իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ»։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ հենց բեռնատարների դիմաց հայտարարեց՝ մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան, որքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, սակայն, խոսքը օրերի, շաբաթների մասին է կամ գուցե քննարկվել է այլ սցենար։

XS
SM
MD
LG