Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն այսօր Դուշանբեում քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, անդրադարձել են տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին:
«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում` հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը», - ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու:
Ջեյհուն Բայրամովը ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։