Մատչելիության հղումներ

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով


Ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց հենց ինքը՝ Թովմասյանը:

«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասաց պատգամավորը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ընդիմադիր նախագահը շեշտեց՝ ինքը նախապես անաշխատունակության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցը կհետաձգվի:

Հուլիսի 11-ին 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Իշխանականները պատճառաբանեցին, թե ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին՝ 46 նիստերից բաց թողնելով 38-ը, ինչը բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։

Քննարկում որպես այդպիսին տեղի չունեցավ․ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին այդ օրվա նիստը՝ ՔՊ-ի գործողությունները որակելով «ամբողջությամբ քաղաքական և ընդդիմության վրա ճնշումներ գործադրելուն միտված» գործընթաց։ Նույն օրը Թագուհի Թովմասյանն էր Ֆեյսբուքում գրառում կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԺ նիստին չի մասնակցի՝ մինչև հուլիսի 15-ն անաշխատունակ է։

XS
SM
MD
LG