Մատչելիության հղումներ

Երևանի կարմիր գծերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը. վարչապետ


Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը Երևանի կարմիր գծերն են Բաքվի հետ բանակցություններում, «Ֆրանս-պրես» գործակալության հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում, մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն», - նշել է նա՝ շարունակելով. - «Բայց հաշվի առնելով ուժերի անհամաչափությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ-դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել այդ օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում, և սա պատճառը, որ մեր ընկալմամբ՝ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկան, ներկան կլինի միջազգային հանրությունը»։

Նիկոլ Փաշինյանը կրկին ահազանգել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որն օրըստօրե խորանում է։

Լրագրողը հետաքրքրվել է՝ հավատո՞ւմ է Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։

«Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա, բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում եմ, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից», - պատասխանել է Հայաստանի ղեկավարը, նշելով, որ դեր են խաղում նաև միջազգային իրադրությունը, մարդկային գործոնները, հումանիտար իրադրությունը, քաղաքական իրավիճակը։

Ըստ նրա՝ բանակցությունների առաջընթացին խանգարում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը հայերի և ամեն հայկականի նկատմամբ, ատելության գործողությունները և վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության ու ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականությունը։

Միաժամանակ, Երևանում համոզված են, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է. - «Բայց եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն», - հավելեց նա։

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր հայտարարել է, թե բանակցային փուլում հիմա մնում է, որ Հայաստանն անի վերջին քայլը՝ ստորագրի այն, ինչ արդեն բանավոր է ասել:

«Եթե Հայաստանը դա ընդունի և ամբողջությամբ հրաժարվի Ադրբեջանի տարածքի հանդեպ որևէ տեսակի ոտնձգությունից, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի մինչև այս տարեվերջ»,- նշել է նա։

XS
SM
MD
LG