Բաքու-Մոսկվա հեռակա բանավեճը չի մարում․ Ադրբեջանի Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյաֆետ Ասկերովի խոսքով՝ ռուսաստանցի գործընկերոջ հայտարարությունը հարված է ռուս-ադրբեջանական հարաբերություններին։
«Ռուսարմինֆո» գործակալության հետ զրույցում, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը, մեկնաբանելով ռուս-ադրբեջանական հարաբերությունները, հայտարարել է, որ Ռուսաստանը «առաջատար գերտերություն» է, որից կախված են եղել և կշարունակեն կախված լինել «այն երկրները, որոնք նախկինում իր կազմի մեջ էին մտնում»։
Տոլստոյի խոսքերով՝ ինչ-որ պահի Ադրբեջանը որոշել է, որ հնարավորություն ունի վերակողմնորոշվելու դեպի այլ «աշխարհաքաղաքական վեկտոր», սակայն «աշխարհաքաղաքական, աշխարհագրական և պատմական առումով» Բաքուն այլ կողմնորոշման ընտրություն չունի։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական հակասություններին՝ ռուսաստանցի քաղաքական գործիչը փաստել է, որ կողմերի վերաբերմունքը նույն հարցին տարբեր է, ընդ որում նա հիշատակել է ինչպես Բաքուն և Երևանը, այնպես էլ Ստեփանակերտը և ընդգծել․ - «Ո՛չ Արդբեջանը , ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Ուկրաինան չեն կարող գոյություն ունենալ առանց Ռուսաստանի»։
Ի պատասխան ադրբեջանցի պատգամավոր Ասկերովը՝ Տոլստոյին հորդորել է վերընթերցել ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը։
«Այս հռչակագիրը ընդգծում է երկու պետությունների անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելը։ Կարծում եմ, որ Պյոտր Տոլստոյը պետք է հարգի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը, ով հաստատել է այդ հռչակագիրը»,- ասել է Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Ռուսաստանում Ադրբեջանի հետ կապերին ստվեր նետողների թիվն ավելանում է։
Ասկերովը Տոլստոյին քննադատել է նաև Լեռնային Ղարաբաղ և Ստեփանակերտ անվանումների կիրառման համար՝ պնդելով, որ նման հասկացություններ այլևս գոյություն չունեն։
«Այս համատեքստում պետք է գնահատել բոլոր հարցերը, այդ թվում՝ ղարաբաղցի հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակությանը։ Սա անհրաժեշտ գործընթաց է, և այս գործընթացին խոչընդոտելու փորձերը դատապարտված են ձախողման»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ալիևի կուսակից Զիյաֆետ Ասկերովը։