Հայ ժամանակակից լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի համոզմամբ, հայկական պոեզիայից ծնունդ առած երաժշտությունը կարող է նորանոր ասպարեզներ բացել հայ կոմպոզիտորների, հատկապես երիտասարդ կոմպոզիտորների առջև։
Մանսուրյանի շնորհիվ իր իսկ անունը կրող միջազգային երաժշտական փառատոն հիմնադրվեց այս տարի, որի նպատակն էր հայ դասական և ժամանակակից պոեզիայի միջոցով նորանոր երաժշտական վոկալ ստեղծագործությունների ծնունդ տալ՝ ներկայացնելով հայկական միջնադարյան և ժամանակակից պոեզիայի հմայքն ու գեղեցկությունը։
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը տասնամյակներ շարունակ հայկական պոզիայի լավագույն նմուշների հիման վրա բազմաթիվ հրաշալի վոկալ և կամերային ստեղծագործություներ է ներկայացնում հայ երաժշտասեր հանրությանը՝ աստիճանաբար բացելով թե' միջնադարյան պոեզիայի, թե' 20-րդ դարի պոեզիայի անտեսանելի հմայքը երաժշտական լեզվով։
Մաեստրոյի խոսքով, ցավոք, այսպիսի երաժշտություն հնարավոր չէր ստեղծել խորհրդային տարիներին, անգամ 60-ականների այսպես կոչված ձնհալի տարիներին՝ հայկական, ազգային ճշմարիտ վոկալ երաժշտություն՝ ծնունդ առած հայկական ճշմարիտ պոեզիայից. - «Երբ մեր երգեցողական արվեստին ենք հետևում վերջին մի քանի տասնամյակներին, մի պոետական արժեք էր կենդանացրել և գործի դրել սովետական գաղափարախոսությունը։ Նույնիսկ էն երգերը, որոնց հիմքում կարծես թե ժողովրդական բառ ու բանն է, կեղծ էին։ Մինչև էսօր դրանք կան, ապրում են, բայց հորինված բանահյուսություն է, սուտ է։ Վարպետներ կային, թե ինչպես իմիտացիա անել ժողովրդականը։ Այսինքն՝ հորինված ժողովրդական... դա անհնար է պատկերացնել։ Այս կարգի շեղումներ պոետական արժեքներից մենք շատ տեսանք։ Նաև գաղափարախոսականը, որ հիմքում արժեքներ էին, որ այլևս գոյություն չունեն։ Բայց ավանդույթները գործում են, էդ երգերը ապրում են դեռ, անուններ կան, որ երգեր են բերել։ Հեղինակների անունները մոռացվել են, բայց իրենց երգերը շարունակում են ապրել»։
Այսպիսի հեղինակների անունները, որոնք նաև խորհրդային տարիներին անվանի բանաստեղծներ են եղել, և նրանց պոեզիայի հիման վրա խորհրդային տարիներին շատ երգեր են ստեղծվել, Տիգրան Մանսուրյանը նրբանկատորեն չկամեցավ տալ. - «Անուններ չտամ, ավելի լավ է չտամ, որովհետև հարազատներ կան և այլն, կվիրավորվեն։ Բայց կիսամոռացված անուններ են, եթե չասեմ մոռացված, բայց իրենց բանաստեղծական տեքստերը ապրում են։ Բացի դրանից, ամբողջ մի շերտ բացարձակ չմտավ երաժշտություն երկար ժամանակ, օրինակի համար, հայրենները, այդքան սիրված տաղաչափական այդ ձևը, անչափ գեղեցիկ։ Որովհետև թե' անհատներ են ստեղծել և թե' ժողովրդական։ Մենք դրանք չուզեցինք»։
Բնականաբար, խորհրդային գրաքննության պայմաններում չէր կարող չանտեսվել նաև մեկ այլ կարևորագույն բնագավառ, որ դարերի խորքից էր գալիս. - «Մի հսկայական բնագավառ է հոգևոր տեքստերի բնագավառը, աղոթքների, էն պոետական արժեքները, որ մեր Միջնադարն է ստեղծել դեռ քրիստոնեական ամենավաղ շրջանից, 5-րդ դարից՝ օրհներգերը օրինակի համար։ Բայց դրանք կարող էին չէ՞ երգվել։ Գրաբարը մե'րն է, ֆոլկլորը, բանահյուսությունը Հայաստանի տարբեր շրջանների մե'րն է։ Դրանք բոլորը երաժշտության բնագավառ գալու հսկայական ուժ ունեն։ Սա է, որ մեզ մի տեսակ, մեկ կողմից՝ կողմնորոշման շփոթը, մյուս կողմից՝ հսկայական շերտերի նկատմամբ անուշադրությունը»։
Տիգրան Մանսուրյանը հույս ունի, որ երիտասարդ կոմպոզիտորական սերունդը առաջիկա տասնամյակներում վոկալ երաժշտարվեստի հիմքում կդնի հայկական ճշմարիտ պոեզիան՝ վաղ միջնադարից մինչև մեր օրերը, և ծնունդ կառնեն իրոք հրաշալի երգեր, որոնք կբացեն հայկական երգեցողական արվեստի նոր ճանապարհը։