Անցյալ տարվա աշնանից «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի և մի խումբ երաժիշտների նախաձեռնությամբ հայտարարվեց Տիգրան Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի մասին, որը պիտի անցկացվեր երեք փուլերով։ Վաղը՝ մայիսի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա այս մրցույթի եզրափակիչ փուլը և գալա-համերգը, որի ընթացքում կազդարարվեն մրցույթի հաղթողների անունները։
Սա չափազանց ուշագրավ, թերևս եզակի մրցույթ է, որին մասնակից կոմպոզիտորները պիտի նոր վոկալ-գործիքային ստեղծագործություններ ներկայացնեին՝ գրված հայ պոեզիայի հիման վրա, սկսած վաղ միջնադարյան պոեզիայից մինչև մեր օրերը։
«Ազատության» հետ զրույցում մրցութային հանձնաժողովի նախագահ կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը նշեց. - «Առաջին մրցույթն էր։ Ունեցանք 24 հայտ 13 երկրներից։ Բազմաոճ և բազմալեզու ստեղծագործություններն էին, շատ բազմազան, ինչը նույնպես հետաքրքիր փաստ էր այն իմաստով, որ հայերենի հետ, հայերեն լեզվի հետ աշխատելու համար մենք միշտ մշտապես պատկերացնում էինք հայկական երաժշտություն՝ իհարկե որոշ բացառություններով, բայց էստեղ մենք տեսանք, թե ինչ հարուստ ներուժ ունի հայոց լեզուն, որպեսզի այլ մշակույթ, այլ քաղաքակրթություն կրող հեղինակը կարողանա նաև հարաբերվել հայոց լեզվի հետ, հետաքրքիր լուծումներ գտնել։ Մրցույթը իհարկե փակ էր, անանուն էր։ Կային հեղինակներ, ովքեր լատինատառ էին գրել։ Մենք նրանց չենք ճանաչում, մենք գիտենք միայն եզրափակիչի մասնակիցներին»։
Մրցութային հանձնաժողովի անդամներից ժանվանի դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի երկարամյա ղեկավար Ռոբերտ Մլքեյանը «Ազատության» հետ զրույցում ի պատասխան հարցին, թե ինչ ուժեր էին ներգրավված այս մրցույթին, ընդգծեց. - «Առաջին անգամ է էսպիսի մրցույթ տեղի ունենում, և ամեն ինչ չի, որ հարթ էր։ Բայց ունեինք ուժեր, որոնք կարող են նաև հաղթել։ Կուզեի, որ սա մի քիչ ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա դրվեր։ Արժի որ լինի շարունակական անպայման՝ հաշվի առնելով որոշակի պրոֆեսիոնալ խնդիրներ հենց մրցույթների և էդպիսի դեպքերի համար»։
Կամերային երաժշտության տանն այսօր լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպվել մրցույթի եզրափակիչ փուլից առաջ։ Հանդիպմանը «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը ներկայացրին իրենց տեսակետը մրցույթի մասին։
«Ճիշտ է, որ իմ անվան է մրցույթը, բայց ես գիտեմ, ինչ-որ երիտասարդի համար տեղ զբաղեցնելու խանդավառությունը, և եթե լինում է հիասթափությունը կամ դժգոհությունը, ինչ ծանր է... Եվ այդ պատճառով, լինելով ինչ-որ չափով մասնակից, մանրամասների մեջ փորձելու եմ երբևէ չմտնել։ Ես փաստորեն անուն-ազգանուն եմ այս պարագային, որը նաև օրինակ կարող է ծառայել իր երաժշտությամբ։ Իմ գործերի մեջ տեղ ունի թե' 5-րդ դարը հայ հոգևոր, թե' 19-րդ դարի դասականները՝ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, մինչև նորագույն պոեզիան։ Այդ թվում նաև միջնադարը, նաև ժողովրդականը՝ աղոթքներ, հայրեններ և այլն։ Այսինքն՝ բազմաշերտ է իմ՝ հայերենը երաժշտություն բերելու փորձը», - ասաց մաեստրո Մանսուրյանը։
Հարցին, թե ինչ ակնկալիք ուներ մրցույթից, մաեստրոն արձագանքեց. - «Պետք է ասեմ, որ ավելի շատ հետաքրքրությունս է երիտասարդների հանդեպ, քան ակնկալիքը։ Երբ առաջարկություն եղավ իմ անվան մրցույթ, ես ասացի՝ այս սկզբունքով եթե եղավ, ինձ կհետաքրքրի դա»։