Մատչելիության հղումներ

Մաեստրո Մանսուրյանի ծննդյան օրը կատարվեցին միջնադարյան պոեզիայի հիման վրա գրված նրա նոր ստեղծագործությունները


Հայկական պոեզիան և երաժշտությունը համատեղ կարող են վոկալ խմբերգային և մեներգային երգեղոցության հրաշալի նմուշներ դառնալ, որոնք անտարբեր չեն կարող թողնել երաժշտասեր հանրությանը։ Տարիներ շարունակ Տիգրան Մանսուրյանը հայ երաժշտարվեստում, ի թիվս այլ ստեղծագործությունների, ամրագրում է նաև մեր դասական մեծանուն բանաստեղծների պոեզիայի հիման վրա ստեղծած իր վոկալ ստեղծագործությունները, որոնք իրենց մնայուն տեղն են գտնում ժամանակակից հայ երաժշտարվեստում։

Հունավրի 27-ը մաեստրո Մանսուրյանի ծննդյան օրն է, որն այս անգամ նշանավորվեց Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը կրող համերգով։ Հնչեցին վաղ միջնադարյան և միջնադարյան հայ պոեզիայի հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի բոլորովին նոր ստեղծագործությունները։

Այս համերգով ազդարարվեց նաև Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասին, որի գալա համերգը տեղի է ունենալու այս տարվա մայիս ամսին՝ ներկայացնելով մրցույթին կատարվելիք նոր վոկալ ստեղծագործություններից լավագույնները, որոնք ստեղծվել են հայկական դասական և ժամանակակից պոեզիայի հիման վրա։

Մրցույթը նախաձեռնել է «Կողբ» մշակութային-կրթական հիմնադրամը՝ ստեղծելով նաև բոլոր պայմանները մրցույթին մասնակցել ցանկացող օտարազգի կոմպոզիտորների համար։

Համերգից առաջ «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով իր անունը կրող կոմպոզիտորական այս նոր մրցույթին, ընդգծեց, որ մրցույթի շրջանակներում արդեն իսկ մի քանի հանդիպում է ունեցել երիտասարդ կոմպոզիտորների հետ, և համոզված է, որ մրցույթին շատ հետաքրքիր գործեր կներկայացվեն. - «Սա ինձ համար նոր միջավայր է, նոր շրջանակ է, նոր հոգսերի տարածք է։ Ինչու չէ, կարելի է նաև այս տարիքում էդպիսի նյութերի հետ առնչվել՝ մրցույթ, մրցույթի նյութ։ Մենք «Կողբ» հիմնադրամի ղեկավարության հետ՝ Արման Բարսեղյանի հետ համաձայնվեցինք, որ դա լինի մրցույթ հայ երաժշտություն - հայ բանաստեղծություն կապի շուրջ, նվիրված լինի հայոց բանաստեղծական արվեստը երաժշտություն բերելու ընթացքին»։

Հարցին, թե ինչ պոտենցիալ է տեսնում երիտասարդ կոմպոզիտորների մեջ, Մանսուրյանը պատասխանեց. - «Այսօրվա երաժշտական մշակութային դաշտը բավական բարդ է։ Նախևառաջ նրանով, որ խայտաբղետ է՝ ակունքները տարբեր, և միաժամանակ զարգացումների ուղղություններ են տարբեր։ Այնպես որ, երիտասարդների մոտ կան տարբեր ուղղությունների հակումներ։ Երգեցողական արվեստը այսօր արտակարգ հետաքրքիր ընթացքի մեջ է արևմուտքի երաժշտության պարագային, արևելքում՝ մեկ ուրիշ տեսակ։ Հնագույն երաժշտությունն է մեզ հետ ապրում այսօր՝ Վերածննդի շրջանի։ Մի բան, որ էսպիսի մեծ մշակութային շերտեր չեն մասնակցել ամենօրյա երաժշտական կյանքի ընթացքին։ 19-րդ դարով են բավարարվել, 18-րդը՝ նույնպես։ Հիմա մեզ հասանելի բոլոր շրջանների երաժշտությունը, դեռևս ամենահին շրջանից մինչև այսօրվա նորագույն որոնումները, հնչում են միաժամանակ։ Այս ամբողջի մեջ կողմնորոշվելը ստեղծագործական լուրջ խնդիրներ է իր մեջ պարունակում։ Ես հավատում եմ մեր երիտասարդներին, անշուշտ»։

Տիգրան Մանսուրյան
Տիգրան Մանսուրյան

Տիգրան Մանսուրյանը համոզված է նաև, որ կոմպոզիտորական այս մրցույթը նոր անունների, շնորհալի կոմպոզիտորների բացահայտման հնարավորություն է դառնալու։

Նա նաև հայկական վոկալ արվեստի զարգացմանն առնչվող մի ուշագրավ դիտարկում է անում. - «Իմ կարծիքով, մեզ համար առ այսօր ամենակենսունակ և ամենահեռահար ծրագիրը Կոմիտասին շարունակելն է։ Եթե մենք այդ ուղին ենք նախընտրել, կնշանակի և' հավատարիմ ենք մեր արժեքներին, և' հեռանկարային զարգացման տեսակետից ճիշտ ուղղության վրա ենք։ Իմ պատկերացումն է սա։ Թեև կարող են լինել ուրիշ մոտեցումներ»։

XS
SM
MD
LG