Մատչելիության հղումներ

«Հանուն ինչի՞ են արվում այդ զիջումները, մեզ խաղաղություն այս գնով պետք չէ»․ Արցախի պետնախարար


Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյան, արխիվ
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյան, արխիվ

Արցախի մայրաքաղաքում երկրորդ օրը շարունակվող համաժողովրդական հանրահավաքում ելույթ ունենալով՝ Արցախի պետնախարարն արձագանքել է ՌԴ արտգործնախարարության այսօր տարածած հայտարարարությանը։

Պաշտոնական Մոսկվան պնդել է՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո արմատապես փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության դրությունը:

«Ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, տրվում են մեկնաբանություններ, որոնց համաձայն մենք ունեք բազմաթիվ կամ ամենատարբեր բացթողումներ՝ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Գուրգեն Ներսիսյանը և ընդգծել՝ Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած որոշում առոչինչ է․ - «Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է, Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առոչինչ է»։ «Եվ թող որևէ մեկն իրեն թույլ չտա սակարկելու, զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման, նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը», - հայտարարել է Ներսիսյանը՝ առանց հստակեցնելու ,թե ով է իր կոչի հասցեատերը։

Միաժամանակ, նա հիշեցրել է հետպատերազմյան շրջանում «ՀՀ իշխանությունների կողմից՝ նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին» հայտարարությունները և հավելել՝ այդ ամենից հետո Արցախում այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի վերաբերմունք, խաղաղասեր վերաբերմունք որևէ տեղից չտեսան։

«Հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովրդը ոչ միայն ամեն օր տուժում է, այլև այդ ամենից հետո խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է Արցախի ժողովրդի ուսերին թողնված բեռը», - հարցրել է Արցախի գործադիրի ղեկավարը և պնդել՝ այդ գնով խաղաղություն չեն ուզում։

«Եթե մենք խաղաղություն ենք ուզում այս գնով, ուրեմն խաղաղություն պետք չէ, մեզ խաղաղություն պետք է արժանապատիվ տեսքով, մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով», - ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը:

XS
SM
MD
LG