Մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar թուրքական ընկերությունը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ և ԱԹՍ-ներ կվաճառի այդ երկրի զինված ուժերին:
«Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը և Baykar ընկերությունը կնքել են համագործակցության պայմանագիր, որով մենք «Աքընջի» տեսակի հարվածային ԱԹՍ-ներ կտրամադրենք այդ երկրին: «Ակընջը» կիրառվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորության ռազմաօդային և ռազմածովային ուժերում», - ասվում է Baykar ընկերության Twitter-ի էջում:
Ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն, իր հերթին, նշել է, որ Էր Ռիադի հետ ստորագրված համաձայնագիրը «Թուրքիայի պատմության մեջ օդանավաշինության և պաշտպանության ոլորտում ամենախոշոր արտահանման պայմանագիրն է»։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Թուրքիան ստորագրել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր: Դրանք ներառում են էներգետիկայի, ներդրումների և պաշտպանության ոլորտում համատեղ նախագծեր։
Փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած ուղևորությունների շրջանակներում Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։