Մատչելիության հղումներ

Արցախում փաստացի իշխանությունն անցնում է Վիտալի Բալասանյանին, կարծում է քաղաքական մեկնաբանը


Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցնում է՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած ու ԼՂԻՄ-ի մաս կազմած Ասկերանի շրջանի որոշ տարածքներ և Հադրութի շրջանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու, սահմանները ճշգրտվելու են, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ քննարկվելու է. «Թե քաղաքական առումով, թե Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական իշխանությունների հետ...վերադարձնելու ենք այդ տարածքները»:

Հայաստանի գործող իշխանությունների հասցեին պարբերաբար սուր քննադատություններ հնչեցնող Վիտալի Բալասանյանն ընդգծում է՝ կարելի էր խուսափել պատերազմից: Ըստ նրա Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, սխալ քաղաքականություն էին վարում. «Անհրաժեշտ էր, որպեսզի Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր` իհարկե, համագործակցելով, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական և ռազմական վերնախավի հետ»:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ այժմ պետք է վերլուծություններ անել ու դասեր քաղել: Ըստ Բալասանյանի՝ Արցախը Հայաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում որպես սուբյեկտ պետք է հանդես գա։ Արցախի կարգավիճակի մասին հրադադարի եռակողմ հայտարարությունում ոչ մի խոսք չկա, Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո պարբերաբար հայտարարում են, որ հենց այդ հարցը պետք է դառնա բանակցությունների առարկա։ Ադրբեջանն էլ իր հերթին պնդում է, որ այդ հարցը փակված է՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, կա մեկ՝ միասնական Ադրբեջան:

Վիտալի Բալասանյանը հավաստիացնում է՝ ռուս խաղաղապահների հետ Արցախի իշխանություննները համագործակցում են հավասարը հավասարի պես. «Մենք պաշտոնական համագործակցություն ենք ունենում, և որտեղ տեղակայվել են, մենք բոլորի տեղը գիտենք, որտեղ տեղակայվելու են, համաձայնություն ունեն Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությունների հետ»:

Բալասանյանը հայտնեց՝ առաջիկայում Արցախում սահմանապահ զորքեր են ստեղծվելու. «Ունենալու ենք սահմանապահ զորքեր, ունենալու ենք մշտական զորքեր, մշտական զորքերի մասին արդեն հասկանալի է` Պաշտպանության բանակը, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ենթակայության ներքո: Պաշտպանության բանակը ենթարկվելու է Անվտանգության խորհրդին»:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույցի ընթացքում նաև մի քանի կոշտ հայտարարություններով հանդես եկավ, օրինակ, արցախցիներին հորդորեց ալկոհոլ չօգտագործել, թմրամիջոցեր օգտագործողներն էլ, ըստ նրա, տեղ չունեն Արցախում. «Նրանք, ովքեր ալկոհոլ կօգտագործեն, տնից դուրս տեղ չունեն»»:

Հայ առաքելական եկեղեցուց զատ, այլ կրոնական կազմակերպություններին էլ Վիտալի Բալասանյանը կոչ է անում փակել գրասենյակներն Արցախում: Բալասանյանի ներկայացրած մյուս արգելքն էլ սոցցանցերին է վերաբերում, ըստ նրա՝ պետական համակարգում աշխատողները պետք է աշխատանքային ժամերին Ֆեյսուքից չօգտվեն. «Սկսած Արցախի նախագահից, որևէ մեկը, արգելելու ենք, լինելու է այդպիսի որոշում, որևէ մեկը ֆեյսբուքյան էջ չի ունենալու: Յուրաքանչյուր ծառայություն ունի իր մամուլի ծառայությունը, յուրաքանչյուր կառույց: Պետական բոլոր աշխատողներին հիմիկվանից հուշում եմ, հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ` աշխատանքային ժամերին հետևելու ենք բոլորին, բոլոր պետական պաշտոնյաները, նրանք, ովքեր կհայտնվեն սոցցանցերում աշխատանքային ժամերին, համոզված եղեք, որ նրանց րոպե առաջ ուղարկելու ենք տուն»:

Շաբաթներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Սահմանադրությամբ իրեն լիազորված որոշումները կայացնելու է Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համատեղ, ավելին՝ հայտնեց, որ Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող իր բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ դեռ Արայիկ Հարությունյանի հայտարարության օրվանից պարզ էր, որ Արցախի իշխանությունը դե ֆակտո փոխանցվում է Անվտանգության խորհրդին, Վիտալի Բալասանյանի այս հարցազրույցն էլ, ըստ Բադալյանի, այդ ուղերձի հաստատումն է. «Եվ այս իմաստով, իհարկե, Արայիկ Հարությունյանը, ինչպես հայտնի է, նշեց նաև արտահերթ ընտրության մասին, և սա նշանակում է, որ առաջիկայում մեծ հավանականությամբ տեղի կունենա նաև Վիտալի Բալասանյանի իշխանության քաղաքական հաստատում, այսպես ասեմ: Մեծ հաշվով Վիտալի Բալասանյանի հարցազրույցն, այո, այն մասին էր, որ փաստացի իշխանությունն անցնում է գեներալ Բալասանյանին»:

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ հարցազրույցի բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ Արցախում ռազմաքաղաքական բնույթի իշխանություն է հաստատվում, այդուհանդերձ, ըստ քաղաքական մեկնաբանի, վաղ է խոսել բռնապետության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG