Մատչելիության հղումներ

Խաղաղապահների հրամանատարը հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվելու խնդիրները կարգավորելու ուղղությամբ


Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որը ամեն րոպե խորանում է, նրա հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Ըստ արցախցի պաշտոնյայի՝ խաղաղապահների հրամանատարը հավաստիացրել է, որ իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկությունները այսուհետ վերադասին են փոխանցվելու անընդհատ, և քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ՄԻՊ-ը, ներքին գործերի նախարարը, Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը։

Լենցովը, պետնախարարի փոխանցմամբ, ընդունել է, որ Արցախը Հայաստանին միացնող ճանապարհի արգելափակումը խախտում է եռակողմ հայտարարությունը։

«Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը: Ա.Լենցովը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է փոխանցում Մոսկվա», - նշել է Գուրգեն Ներսիսյանը սոցիալական ցանցում։

Վաղ առավոտից Լեռնային Ղարաբաղում բազմամարդ հանրահավաք է՝ ապաշրջափակման պահանջով։ Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիներին դիմելով՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասել է՝ վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր, ավարտվում է վերջին դեղորայքը, մանկապարտեզներում սնունդ գրեթե չի տրվում, համայնքները մեկուսացման մեջ են. տրանսպորտի համար վառելիք չկա, շուտով չի աշխատելու շտապօգնության ծառայությունը։

Վերածննդի հրապարակի ամբիոնից Ներսիսյանը հարց էր ուղղել Հայաստանին, Ռուսաստանին, միջազգային հանրությանը. «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք։ Բավ է մեր ժողովրդի կյանքի հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG