Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերություն գոյություն չունի։ Մինչդեռ երկու շաբաթ առաջ նա պնդում էր, թե «Վագները» ամբողջությամբ ֆինանսավորվել էր պետության կողմից։
Պուտինը «Կոմերսանտի» թղթակցին պատմել է «Վագների» հրամանատարների և Եվգենի Պրիգոժինի հետ իր հանդիպման մասին, որը տեղի է ունեցել ձախողված ապստամբությունից մի քանի օր անց։
«Կոմերսանտ»-ի հարցին, թե «Վագներ»-ը կմնա՞ մարտական ստորաբաժանում, Պուտինը պատասխանել է, որ այն գոյություն չունի. -«Դե, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերություն գոյություն չունի: Մենք չունենք օրենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին։ Այն պարզապես գոյություն չունի: Խումբը կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի»։
Ընդամենը երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում պետությունը «Վագներ»-ին վճարել էր ավելի քան 86 միլիարդ ռուբլի։ Բանակի ղեկավարության հետ խորը հակասություններից հետո կազմավորումը հունիսի սկզբին դուրս էր եկել Բախմուտից, որը գրավել էր երկար ամիսների ծանր մարտերից հետո։
Այսօր այս ուղղությամբ ուկրաինական բանակը փորձում է առաջ գնալ, և Բախմուտի մոտ կրկին կատաղի մարտեր են։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Վալերի Շերշենը «Ազատության» ուկրաինական ծառայության եթերում խոսել է նաև Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով առաջխաղացման մասին։
«Մեր ստորաբաժանումները համախմբվում են ձեռք բերված գծերում, իրականացնում են ականազերծում, հրետանիով հարվածում են հակառակորդին», - ասել է նա։
Ռուսական ուժերն էլ գրոհում են արևելյան ճակատում, ինչի մասին հայտնում է նաև ուկրաինական կողմը՝ հայտարարելով, թե ռուսական զորքերը առաջ են շարժվում Կուպյանսկի, Լիմանի, Ավդեևկայի և Մարիինկայի ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալյարի խոսքով՝ այս հատվածում «ծանր մարտեր են ընթանում»։
Մինչ այդ ռուսները կրկին ռմբակոծել են ուկրաինական բնակավայրեր, այս գիշեր 17 անօդաչու սարք են օգտագործել, մեկը ուկրաինական ՀՕՊ-ը չի կարողացել խոցել, և այն ընկել է Կռիվոյ Ռոգում՝ նախագահ Զելենսկու հարազատ քաղաքում, վնասվել է մի քանի շենք, մեկ մարդ վիրավորվել է։
Հանգիստ չէ նաև Ռուսաստանի տարածքում, այսօր կրակի տակ էր Բրյանսկի մարզը, որտեղ տարեց կին է մահացել գնդակոծությունից, երեք հոգի էլ՝ վիրավորվել։ Սահմանամերձ Կուրսկի մարզում էլ անօդաչու թռչող սարքն ընկել է Կուրչատով քաղաքի ատոմակայանի մոտ։ Իշխանությունների հաղորդմամբ՝ տուժածներ չկան, վնասվել է բազմաբնակարան շենք։ Անօդաչուներ ռուսները խոցել են նաև Վորոնեժի մարզում, այստեղ էլ տուժածներ չկան։
«Ակնհայտ է, որ հակառակորդը չի հրաժարվում հարվածներ հասցնելու փորձերից, սակայն մեր հակաօդային պաշտպանության համակարգերը լավ են աշխատում՝ կրկին ու կրկին ցուցադրելով իրենց արդյունավետությունը։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա այսօր հրաժարվել է մեկնաբանել 58-րդ բանակի հրամանատարի պաշտոնից հեռացված գեներալ-մայոր Իվան Պոպովի մեղադրանքները. -«Ի վերջո, մենք խոսում ենք ռազմական, Պաշտպանության նախարարության մասին, ուստի խորհուրդ ենք տալիս մեկնաբանությունների համար դիմել նրանց: Մենք չենք կարծում, որ դա մեր օրակարգի հարցն է»։
Զապորոժիեում կռվող գեներալ Պոպովի՝ ենթականերին ուղղված դիմումի աուդիոֆայլը օրերս հրապարակել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը։ Պոպովի խոսքով՝ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ բարձրագույն իշխանություններին ուղղված իր զեկույցում նա խոսել է բանակում առկա խնդիրների մասին։