Մատչելիության հղումներ

Պատերազմը դատապարտող Ռուսաց Պրիմադոննան՝ քննադատության թիրախում


Ալլա Պուգաչովա, արխիվ
Ալլա Պուգաչովա, արխիվ

Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախաձեռնության ղեկավար Վիտալի Բորոդինը Գլխավոր դատախազությանը կոչ է արել պարզել Ռուսաստանում և նախկին խորհրդային երկրներում մեծ ճանաչում ունեցող երգչուհի Ալլա Պուգաչովայի կողմից ուկրաինացիներին սատարելու հանգամանքները:

Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին հասցեագրված փաստաթղթում Բորոդինը գրել է, թե «խորհրդային և ռուսաստանյան երգչուհի Ալլա Բորիսի Պուգաչովան տվյալ պահին բնակվում է Իսրայելում, որտեղից մշտապես հանդես է գալիս Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դատապարտող հայտարարություններով»:

Բացի այդ, ըստ Բորոդինի, երգչուհին սատարում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Ռուսաստանի տարածքը լքած մշակույթի և արվեստի գործիչներին ու նրանց ֆինանսական օգնություն է տրամադրում:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ ունի գլխավոր դատախազին Բորոդինի հասցեագրած ուղերձի պատճենը:

Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախաձեռնության ղեկավարը պնդում է, թե կան տեղեկություններ, որոնք հաստատում են Պուգաչովայի գործունեության ֆինանսավորումն արտասահմանից և նրա կապերն արևմտյան հատուկ ծառայությունների հետ:

«Խնդրում եմ ստուգել Ալլա Բորիսի Պուգաչովայի կողմից Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսական աջակցություն հատկացնելու հանգամանքը», - ասվում է Բորոդինի ուղերձում:

Անցյալ տարվա աշնանը Մոսկվայի մարզի ոստիկանությունը ստացել է դիմում, որը ստորագրած մի կին պահանջել է ռուսական բանակը վարկաբեկելու փաստով ստուգման ենթարկել Պուգաչովայի գրառումը սոցիալական ցանցում, որով երգչուհին խնդրել էր իրեն հետայդու համարել «օտարերկրյա գործակալ»:

Բացի այդ, սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ռուսաստանյան ռադիոկայանները եթերից հանում են Պուգաչովայի երգերը:

«Ռուսսկոյե ռադիո» ռադիոկայանը պարզաբանել է, թե, իբր, գրաքննության կամ կողմնակալության մասին խոսք չկա:

«Մեր նպատակն է բավարարել լսարանի ակնկալիքները, Ալլա Պուգաչովայի երգերը վաղուց չեն հնչում, քանի որ նա չի տրամադրել մեր լսարանին հետաքրքրող նոր ստեղծագործություններ», - հայտարարել է «Ռուսսկոյե ռադիո»-ն:

Ալլա Պուգաչովան նախկին խորհրդային երկրներում և Ռուսաստանում լեգենդար երգչուհի է համարվում:

Նախքան ռուս - ուկրաինական պատերազմը նրա կատարումները շատ հաճախ են հեռարձակվել ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Պուգաչովային անվանել են «Ռուսաց Պրիմադոննա»: Նրա սկավառակները տասնյակ միլիոնավոր օրինակներով են վաճառվել Խորհրդային Միությունում և Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG