Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Սոյուդլուի իրադարձությունների քավության նոխազ գտավ


Ադրբեջանցի գործարար ու հասարակական ակտիվիստ Նազիմ Բեյդեմիրլի, արխիվ
Ադրբեջանցի գործարար ու հասարակական ակտիվիստ Նազիմ Բեյդեմիրլի, արխիվ

Ադրբեջանը Սոյուդլու գյուղի իրադարձությունների «մեղավոր» գտավ։ Բաքվի Նարիմանովի շրջանի դատարանը երեկ որոշեց չորս ամսով կալանել նախկին պատգամավոր, գործարար ու հասարակական ակտիվիստ Նազիմ Բեյդեմիրլիին։

Նախկին պատգամավորը ձերբակալվել էր դատարանի որոշումից մեկ օր առաջ։ Նա զանգահարել էր փաստաբանին և ասել, որ իրեն ձերբակալում են Սոյուդլու գյուղի անկարգությունների հետ կապված իր դիրքորոշման պատճառով։

Բեյդեմիրլին ավելի վաղ մամուլին տված հարցազրույցում պաշտպանել էր Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բողոքի ակցիաների մասնակիցներին՝ հիմնավոր համարելով գյուղի մոտ ոսկու հանքի շահագործման հետևանքով մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղի բնակիչների մտահոգությունները։

«Պաշտպանական գիծ» անվանումով իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօերն Ռուֆատ Սաֆարովն ասել է, որ Բեյդեմիրլիի կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի։

«Իրականում մենք արդեն անհանգստացած էինք, որ նա հնարավոր է ձերբակալվի, որովհետև մի քանի օր առաջ իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ նրա դեմ զրպարտության արշավ էին սկսել՝ նրան ներկայացնելով որպես Սոյուդլու գյուղի բողոքների կազմակերպիչ», - ասել է իրավապաշտպանը «Թուրան» գործակալությանը։

Դատախազությունը Նազիմ Բեյդեմիրլիին մեղադրանք է առաջադրել Սոյուդլուի հետ կապ չունեցող, բոլորովին այլ գործով։ Փաստաբան Ադըլ Լայիջն ասել է, որ նրան մեղադրում են զգալի չափով ունեցվածք յուրացնելու նպատակով սպառնալիքի միջոցով շորթման համար: Բեյդեմիրլին իրեն մեղավոր չի ճանաչել և մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել։

Իրավապաշտպան Ռուֆատ Սաֆարովի ասելով՝ մեղադրանքը շինծու է։

«Կարծում եմ՝ Նիզամի Բեյդեմիրլիի ձերբակալությունն իրականում կապված է նրա հանրային և տնտեսական գործունեության հետ։ Իհարկե «Պաշտպանական գիծ» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հետապնդումները», - ասել է Սաֆարովը։

Սոյուդլուի բնակիչներն անցած ամսվա վերջին դուրս էին եկել բողոքի ցույցերի իրենց գյուղի մոտ ոսկու հանքը շահագործելու դեմ։ Նրանք լսել էին, որ արդյունահանող ձեռնարկությունը երկրորդ պոչամաբար է կառուցում։ Պոչամբարի արտանետումները թունավորում են դաշտերն ու գետերը՝ անհնարին դարձնելով անասնապահությունը, բողոքում էին նրանք։ Ոստիկանները գյուղացիների դեմ բիրտ ուժ էին կիրառել, մի քանիսին ձերբակալել, մոտավորապես տասը մարդ էր տուժել։

Ըստ որոշ աղբյուրների՝ Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի մոտ ոսկու հանքը շահագործող ձեռնարկությունը կապ ունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ընտանիքի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG