Ադրբեջանի կառավարությունը մեծաթիվ ոստիկանական ուժեր է կենտրոնացրել Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում, որի բնակչությունն ընդդիմանում է ոսկու հանքի շահագործմանը։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին գյուղ են բերվել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների լրացուցիչ ուժեր՝ 4 ավտոբուսներով։ Տեղի բնակիչների խոսքով՝ ոստիկանությունը սպառնում է ուժով դադարեցնել ցանկացած նոր բողոքի ակցիա։
Մինչ այդ, հունիսի 22-ից գյուղի մուտքն արգելափակված է։
Սոյուդլուի բնակիչները պնդում են, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով, իսկ գյուղի մերձակա սարերից մեկում կառուցված պոչամբարի արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ գրեթե անհնարին դարձնելով անասնապահությունը։ Բացի այդ, Գետաբեկում շրջանառվող տեղեկությունների համաձայն, շուտով տեղացիների արոտավայրերը է՛լ ավելի կսահմանափակվեն՝ ևս մեկ պոչամբարի կառուցման պատճառով։
Ոստիկանությունը գյուղացիների բողոքի ակցիան ցրել է բիրտ ուժի կիրառմամբ, 10 մարդ վիրավորվել էր, 6-ը ձերբակալվել էին: