Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նազիմ Բեյդեմիրլիին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Աղըլ Լայիջը։
Նրա խոսքով՝ Բեյդեմիրլիին մեղադրվում է սպառնալիքների միջոցով շորթման մեջ։ Նախկին պատգամավորը հերքում է իրեն վերագրվող հանցանքը։
Բեյդեմիրլին ձերբակալվել է հուլիսի 4-ին, ձերբակալությանը նախորդել էր նրա հարցազրույցը լրատվամիջոցներին, որում քաղաքական գործիչը պաշտպանել է Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում բողոքի ցույցի մասնակիցներին և պնդել, որ գյուղում տեղակայված ոսկու արդյունահանման ձեռնարկության գործունեության հետ կապված բնակիչների մտահոգությունները արդարացված են։
Սոյուդլուի բնակիչները պնդում են, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով, իսկ գյուղի մերձակա սարերից մեկում կառուցված պոչամբարի արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ գրեթե անհնարին դարձնելով անասնապահությունը։ Գյուղացիների բողոքի ակցիան ադրբեջանական ոստիկանությունը ցրել է բիրտ ուժի կիրառմամբ, 10 մարդ վիրավորվել էր, 6-ը ձերբակալվել էին: