Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ հռչակագրում ընդունվել են Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ երեկ ընդունված Վանկուվերի հռչակագիրը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման, նաև կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով:

Հռչակագիրը կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին:

Փաստաթուղթը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։

«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները», - Ֆեյսբուքում գրում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում Խանդանյանը նաև ընտրվել է Վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

XS
SM
MD
LG