Մատչելիության հղումներ

Չնայած ամենաբարձր մակարդակով տրված խոստումներին, «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը նույն ողբալի վիճակում է


«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» համույթի շենքը արդեն մի քանի տարի կիսափուլ վիճակում է։ Չնայած ամենաբարձր մակարդակով տրված խոստումներին, շենքը այդպես էլ չի վերականգնվել։

«Մենք քոչվորի պես շրջում ենք տարբեր դպրոցներով, ման ենք գալիս փորձատեղի։ Աշխարհին Հայաստանն ենք ներկայացնում, բավականին բարձր ենք պահում Հայաստանի անունը, ու չի կարող պետության ներսում նման երգչախումբը նման վերաբերմունքի արժանանալ», - ասում է երգչախմբի անդամներից Տաթևը։

Տաթևն ու Գոհարը երգում են Տիգրան Հեքիքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում։ Աղջիկները հիշում են, թե ինչպես էին դեռ հինգ տարի առաջ ահազանգում, որ Արամի 23 հասցեում տեղակայված իրենց աշխատավայրը վտանգված է։ Հետո եկան վարչապետը, քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը, Մշակույթի նախարարը, խոստումներ հնչեցին...

Հետո փլվեց պատը, դրանից հետո էլ բոլորը միանգամից մոռացան Երևանի կենտրոնում գտնվող կիսաքանդ պատմամշակութային հուշարձան շենքի մասին։

«Շարունակում ենք պայքարել», - ասում է երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ - «Մենք անկեղծ ասած՝ երկու տարի ուղղակի լռեցինք, որովհետև նախ տրամադրություն չկար խոսել շենքի մասին, երբ որ երկիր ենք տալիս։ Բայց հետո, երբ հասկացա, որ էդպես լռելով հակառակ կողմը կարող է նույնիսկ ակտիվանալ, և ակտիվանում է, մենք վերսկսեցինք մեր պայքարը»։

Մաեստոր Հեքիքյանը հիմա դատական գործընթաց է սկսել, որպեսզի մեղավորները պատժից չխուսափեն. - «Վերցրել ենք դատապաշտպան, որպեսզի պետության շահը պաշտպանող կառույցներին նեցուկ լինի՝ հասկանալով, որ դատախազությունը իր ամբողջ գործիքակազմով, չնայած արդարության հասնելու բանավոր ակտիվ հավաստիացումներին, մեղմ ասած՝ անգործության էր մատնվել։ Հանցավոր գործընթաց են իրականացրել։ Իմանալով, որ այդտեղ չի կարելի երեք հարկ փորել, փորել են երեք հարկ»։

Շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել տարածքում «Հին Երևան» նախագծի շրջանակում տարիներ առաջ սկսված փորման աշխատանքներից հետո: Փլուզման փաստով դեռ հինգ տարի առաջ քրեական գործ է հարուցվել, սակայն, այս տարի գարնանը, Հեքեյանի պնդմամբ, թիվ մեկ մեղավոր՝ կառուցապատող «Օլդ սիթի» ընկերության և «ԱրմՍվիսս բանկի» տնօրեն, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ փոխկապակցված Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրվել է. - «Փորձում ես գտնել մեղավորներին, որոնք շատ են, բոլորը անհետանում են։ Բոլորը ինչ-որ պատճառ են բերում։ Եվ ամենահետաքրքիր պատճառը՝ բա ինքը չգիտեր, բա ինքը պարտավոր չէր էդ իմանալ, բա ինքը որ իմանար... այսպիսի հուզական խոսակցություններ։ Մինչդեռ բոլորը պարտավոր են, պետական պաշտոնյաները՝ նախ և առաջ, նաև նրանք, ովքեր հանցավոր գործընթաց են իրականացրել»։

Հեքեքյանը պնդում է, որ եթե շենքը վթարային է դարձել նախկին իշխանության թույլ տված կոպիտ խախտումների պատճառով, ապա պատի փլուզումը, այն տարիներով չվերականգնելը, ձգձգվող դատաքննությունը խոսում է գործող իշխանությունների անտարբերության մասին: Նորից է թվարկում՝ 2018 թվականին դիմեց վարչապետին, անօգուտ, կարճ ժամանակ անց՝ պատը փլվեց, քաղաքապետարանը պայմանագիր կնքեց «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» իտալական ընկերության հետ՝ շենքի վերականգնման նախագիծը պատրաստելու համար։

Այդ օրից անցել է 4 տարի, իտալացի ճարտարապետների մասին լուր չկա, շենքն էլ կիսաքանդ է. - «Պտտեցին, պտտեցին բոլորն իրար հետ, վերջում ասեցին՝ այդ նախագծով մենք չենք անելու։ Հիմա այս պրոցեսը շարունակական, ձգձգումը և հետո քրեական գործի ձգձգումը ասում է այն մասին, որ իրենք միտումնավոր, հիմա չեմ ուզում բացեմ փակագծերը, շատ են... ինձ համար դա մի հանցավոր խումբ է»։

Դիտարկմանը, թե երևի սպասում են, որ շենքը ինքն իրեն փլուզվի, Հեքեքյանն արձագանքեց. - «Այո։ Որովհետև շենքը քանդվելու դեպքում խնդիրը առնվազն ութսուն տոկոսով լուծված կարելի է համարել»։

Շենքից բացի վտանգված է է նաև երգչախումբը։ Ծնողները պատմում էին, որ միջազգային համերգների հրավերն են ստանում, բայց փորձի տեղ չունեն։

«Չենք հասցնում մի դպրոցի հարմարվել, մեզ տեղափոխում են ինչ-որ հանրակրթական դպրոց», - ասաց ծնողներից մեկը։

«Ոնց որ մի կողմից միտում կա պատմական հուշարձան քանդելու, մյուս կողմից, ոնց որ տպավորություն է, որ միտում կա քանդելու Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբերը», - հավելեց մեկ այլ ծնող։

Աշխարհում մեծ համբավ վայելող «Հայաստանի փորքի երգիչները» նոր են վերադարձել գերմանական հյուրախաղերից։ Ասում են՝ դրսում ծափեր, գովասանքի խոսքեր, լեփլեցուն դահլիճներ, իսկ տանը՝ չավարտվող պայքար ստեղծագործելու համար։

XS
SM
MD
LG