Մատչելիության հղումներ

Արամի 23-ը հայտնվել է գերակա հանրային շահ ճանաչված տարածքում


Ամիսներ շարունակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանն ահազանգում էր Արամի 23 հասցեում գտնվող, երգչախմբի կողմից 1993 թվականից սեփականաշնորհված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքի փլուզմանը սպառնացող վտանգի մասին, որն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ այս տարվա ամռանը «Հին Երևան» նախագծով շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը խարխլել էր շենքի գրունտային հիմքերը:

Բազմաթիվ ասուլիսներում թե՛ Տիգրան Հեքեքյանը, թե՛ Մշակույթի նախարարության պատմական ու մշակութային հուշարձանների վարչության պետ Արմեն Աբրոյանը, այլ մասնագետներ, շեշտել են, որ եթե շենքի գրունտային մասը չամրակայվի, ապա շենքի փլուզումն անխուսափելի է:

Եվ չորս օր առաջ շենքի մի պատն իրոք փլուզվեց, չնայած այս բոլոր ամիսներին տարբեր պատկան մարմիններին հղած դիմում-բողոքների և նրանց կողմից հավաստիացումների, որ պետք է ամեն ինչ անել շենք փլուզումից պահպանելու համար:

Բայց ավաղ, ինչպես այսօր հրավիրած ասուլիսին շեշտում էին Արմեն Աբրոյանը և Տիգրան Հեքեյանը, դեռ նախորդ իշխանությունների օրոք այդ տարածքում կառուցապատման աշխատանքների իրավունք ստացած և «Հին Երևան» նախագծի կառուցապատումն իրականացնող կազմակերպությունը՝ նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի գլխավորությամբ, որևէ քայլ չի ձեռնարկել ոչ միայն շենքը չվնասելու, այլև վնասելուց հետո գոնե շենքն ամրակայելու համար: Ավելին, փլուզումից մեկ օր առաջ նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը Արմեն Աբրոյանին ասել է, որ այդ շենքը միևնույն է քանդելու են, քանի որ իր նախագիծն այդպես է արված:

«Հին Երևան» նախագծի տարածքը, ըստ Տիգրան Հեքեյանի, կառավարության անցյալ տարվա վերջին նիստում գերակա հանրային շահ է ճանաչվել․ - «Կառավարության որոշման մեջ ասվում է, որ քանի որ այս տարածքը ճանաչվում է գերակա շահ, ուրեմն պիտի մարդկանցից վերցնենք: Ո՞րն է էստեղ գերակա: Իր բիզնես պրոեկտը ավելի գերակա՞ է, քան աշխարհին և Հայաստանում հայտնի հայ փոքրիկ երգիչների գործունեությունը: Պարզ է, չէ՞, որ մեր շահը ավելի գերակա է, քան բիզնես պրոյեկտը»:

Արմեն Աբրոյանի խոսքով այդտեղ կառուցապատում իրականացնելու նախորդ քաղաքային իշխանությունների կողմից տրված թուլտվությունը ընդհանրապես Մշակույթի նախարարության հետ համաձայնեցված չի եղել․ - «Հետագայում նաև պարզվել է, որ թույլտվությունը տրվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Նախագծող կողմը, կառուցապատող կողմը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն և ի վերջո քաղաքապետարանը որևէ միջոց չեն ձեռնարկում: Ինքս եմ բանակցել կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» ծրագրի հեղինակի հետ, և պարզվել է, որ հեղինակը նույնիսկ Արամի 23-ի հուշարձան շենքի չափագրությունը չունի»:

Տիգրան Հեքեքյանը, անդրադառնալով այդ տարածքի սեփականատիրոջը՝ Վարդան Սերմաքեշին, ասաց․ - «Բիզնեսը սկսում է արդեն պատմական հուշարձակ քանդելով և երեխաներին թողնելով անօթևան․․․ նման մարդը չի կարող իրեն համարել հայրենասեր: Պնդում են, թե ինչը մեղավոր չի, իրեն խաբել են․․․ Նա բիզնեսմեն է, եթե իրեն խաբել են, պիտի այնպես իր բիզնեսը կառուցեր, որ իրեն չխաբեին: «Հին Երևան» նախագծի տարածքում արդեն երկու լոտ՝ հսկայական տարածք է, հանված է «Հին Երևանից» և տրված է նախկին իշխանության բարձրաստիճան երկու տարբեր ղեկավարների, և արդեն հինգհարկանի շենք են սարքում: Եթե դա կարողացել են անեն, գիտե՞ք ինչու․․․ որովհետև Սերմաքեշի հետ մտել են հանցավոր պայմանավորվածության մեջ․ դու մեզ էս տուր, մենք էլ քեզ թույլ կտանք, որ երկուս ու կես, երեք հարկանի շենքերը ամբողջ տիրույթում կդառնա հինգ: Հինգհարկանի շենքեր են և 1800-ական թվականների․․․ Ուրեմն սուտ է, չէ՞: Մեղավորը նախորդ իշխանություններն են, բայց ապշում ես, որ ներկա իշխանությունները ուզում են ժառանգել այդ տխուր, ծանր բեռը»:

Հեքեյանն արդեն որերորդ անգամ վրդովված հայտարարում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքապետարանն ու այլ պատկան մարմիններ իրենց վարած քաղաքականությամբ պիտի ցույց տան, որ նոր Հայաստանում ենք ապրում և որ նախկին իշխանություններից մնացած նման թնջուկներ այսօր կարող են տրամաբանական լուծումներ ստանալ:

Թե ինչու է այդ տարածքը կառավարությունը գերակա շահ ճանաչել, ապա, ըստ Տիգրան Հեքեքյանի, երկու պատճառ կարող է լինել․ կա՛մ ուզում են շենքը վերջնականապես քանդել, կա՛մ էլ հատկացնել այն «Հին Երևան » նախագծի տարածքի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սերմաքեշին, որն արդեն 27 միլիոն դոլար է ներդրել այդ նախագծի իրականացման համար:

«Սա ոտնձգություն է երկու կարևոր, հիմնարար արժեքների՝ մարդու իրավունքների և սեփական իրավունքի հանդեպ», -որակեց Տիգրան Հեքեքյանը՝ հավելելով․ - «Դատարան ենք տալիս: Պիտի վիճարկենք դատարանում կառավարության որոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG