Մատչելիության հղումներ

Արամի 23-ի ամրակայման, վերականգնման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել. Երևանի փոխքաղաքապետ


Հայաստան - Փլուզումը Արամի 23-ում, Երևան, 12-ը հունվարի, 2019թ.
Հայաստան - Փլուզումը Արամի 23-ում, Երևան, 12-ը հունվարի, 2019թ.

Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Ըստ փոխքաղաքապետի, պայմանագրի կողմերն են՝ «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:

«Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին: Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները», - գրել է Վիրաբյանը:

Ամիսներ շարունակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանն ահազանգում էր Արամի 23 հասցեում գտնվող, երգչախմբի կողմից 1993 թվականից սեփականաշնորհված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքի փլուզմանը սպառնացող վտանգի մասին, որն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ «Հին Երևան» նախագծով շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը խարխլել էր շենքի գրունտային հիմքերը:

Անցյալ տարվա նոյեմբերին տարածք այցելեցին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ծանոթացան խնդրին։ Փաշինյանը հայտարարեց, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու։ Սակայն այս տարվա հունվարին շենքի պատը փլուզվեց։

Նշենք, որ Արամի 23 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է և գտնվում է այն տարածքում, որտեղ կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը:

Շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել տարածքում «Հին Երևան» նախագծի շրջանակում ամռանը սկսված փորման աշխատանքներից հետո: Հեքեքյանը պնդում է՝ եթե շենքը վթարային է դարձել նախորդ քաղաքային իշխանությունների թույլ տված կոպիտ խախտումների պատճառով, ապա փլուզման պատճառը ներկայիս իշխանությունների անտարբերությունն ու դանդաղկոտությունն է:

Օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեշչյանը հայտարարեց, որ կառուցապատողը 14 միլիոն դրամ կհատկացնի իտալացի ճարտարապետին՝ Արամի 23 շենքի վերականգնման նախագծի պատրաստման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG