Մատչելիության հղումներ

Կրամատորսկում հրթիռային հարվածից առնվազն 9 մարդ է զոհվել, 60-ը վիրավորվել է


Ուկրաինա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Կրամատորսկում հրթիռակոծված շենքի փլատակներում, 28-ը հունիսի, 2023թ.
Ուկրաինա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Կրամատորսկում հրթիռակոծված շենքի փլատակներում, 28-ը հունիսի, 2023թ.

Երեկ երեկոյան Կրամատորսկի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, այդ թվում՝ երեք երեխա, 60 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն։ Նրա խոսքով՝ փլատակներից դուրս են բերել երիտասարդի դի։

Այսօր առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ ավերված ռեստորանի փլատակներից դուրս է բերվել 8 դի, այդ թվում՝ երեք անչափահաս աղջիկների՝ 17 տարեկան, և երկու քույրերի՝ 14 տարեկան։ Փլատակների մաքրումն ու որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնեցկի շրջանի այդ քաղաքի ուղղությամբ երկու հրթիռային հարված է հասցվել։ Ռուսական հրթիռներից մեկը հարվածել է Կրամատորսկի կենտրոնում գտնվող շենքին, որտեղ այցելուներով լի ռեստորան էր, երկրորդը՝ մերձքաղաքային Բելենկայա գյուղին։ «Փրկարարներն ապամոնտաժում են ավերված շենքի փլատակները և որոնում ենթադրաբար փլատակներում գտնվող մարդկանց», - հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթի ժամանակ ասել է, որ ռուս զինվորականները «դաժանաբար գնդակոծել են» Կրամատորսկը С-300 հրթիռներով։

Վիրավորների թվում են Կոլումբիայի երեք քաղաքացիներ, BBC-ին հայտնել է Aquanta Ucraina կազմակերպությունը։ Նրանք ռեստորանում հանդիպել են ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինայի հետ, ով ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Բելենկայա գյուղում վիրավորում են ստացել 5 բնակիչներ, հայտնել են շրջանի դատախազությունից։

XS
SM
MD
LG